Նախադպրոցական հաստատություններում մանկավարժները կընտրվեն մրցույթով. նոր նախագիծ

03-12-2021 18:49:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հանրային քննարկման է ներկայացվել նախադպրոցական հաստատությունների մանկավարժների ընտրության կարգի նախագիծը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
 
Նախադպրոցական կրթության ոլորտում մինչ այս ներդրված չեն եղել մանկավարժական աշխատողների ընտրության և նշանակման մեխանիզմներ: Իրավակարգավորումից բացի՝ տնօրենների կամայական մոտեցումների հետևանքով հաճախ նախադպրոցական հաստատություններ են մուտք գործում անհրաժեշտ մանկավարժահոգեբանական գիտելիքներ և հմտություններ չունեցող անձինք:
 
ԿԳՄՍ նախարարությունն ակնկալում է, որ մանկավարժական աշխատողների ընտրության միասնական կարգի սահմանումը թույլ կտա մրցութային եղանակով համակարգը համալրել որակյալ կադրերով:
 
Նախադպրոցական կրթական ծառայությունների արդյունավետության բարձրացումը կարևոր պահանջ է մանկապարտեզից դպրոց երեխաների սահուն անցման համար, որն անմիջական ազդեցություն կունենա տարրական դասարաններում սովորողների կրթական արդյունքի վրա:
 
Կհայտարարվի մրցույթ
 
Նախագծով սահմանվում է, որ նախադպրոցական հաստատությունում թափուր տեղ առաջանալու դեպքում 3-օրյա ժամկետում հայտարարվում է մրցույթ: Եթե մրցույթը չի կայանում, անկախ պատճառներից՝ թափուր տեղը լրացնելու համար առնվազն ամիսը մեկ անգամ հայտարարվում է նոր մրցույթ մինչև հաղթող ճանաչվելը:
 
Թափուր տեղի մասին հաստատության տնօրենը տեղյակ է պահում համայնքի ղեկավարին: Մրցույթի հայտա¬րա¬րու¬թյունը հրապարակվում է համայնքի և մարզպետարանի պաշտոնական կայքերում: Հայտարարության տեքստում նշվում են հաստատության անվանումը, թափուր տեղի անվանումը` դրույքաչափով, պահանջվող փաստաթղթերի ցանկը, դրանց ընդունման վերջնաժամկետը, մրցույթի անցկացման օրը, ժամը, տեղը:
 
Մրցույթին մասնակցելու մասին փաստաթղթերն ընդունվում են պաշտոնական հրապարակման օրվանից` 20 աշխատանքային օրվա ընթացքում:
 
Մրցույթի անցկացման օր նշանակվում է փաստաթղթերի ընդունման ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:
 
Ովքեր կարող են դիմել նախադպրոցական հաստատության մանկավարժի համար
 
Մրցույթին կարող է մասնակցել որակավորման պահանջներին համապատասխանող անձը՝ ներկայացնելով
 
•             դիմում (Ձև 1),
 
•             կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
 
•             անձը հաստատող փաստաթուղթ,
 
•             աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
 
•             ինքնակենսագրություն (Ձև 4),
 
•             մեկ լուսանկար` 3x4 չափսի,
 
•             այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
 
•             ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ,
 
•             հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
 
•             որակավորման տարակարգ (առկայության դեպքում):
 
Մրցույթին մասնակցելու իրավունք չունի դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված, մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկված անձը, ինչպես նաև նա, ով դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ (բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործության համար):
 
Մրցույթին չի կարող դիմել նաև մանկավարժական գործունեության կատարմանը խոչընդոտող հիվանդությամբ տառապող անձը (ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը):
 
Մրցույթ ` գրավոր և բանավոր փուլերով
 
Մրցույթը կանցկացվի երկու փուլով` գրավոր և բանավոր: Յուրաքանչյուր փուլի համար նախարարության կողմից մշակվում է հարցաշար՝ կազմված 50 հարցից և դրանց ճիշտ պատասխաններից: Հարցաշարերը հաստատվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով և հրապարակվում նախարարության պաշտոնական կայքէջում:
 
Գրավոր փուլի համար յուրաքանչյուր հաստատություն կազմում է թեստային առաջադրանք: Յուրաքանչյուր հարց ունի երեք ենթադրյալ պատասխան, որոնցից մեկը միանշանակ ճիշտ է:
 
Գրավոր փուլի համար տրվում է 120 րոպե, յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատվում է 1 միավոր, սխալ պատասխանը` 0: Անցողիկ շեմը համարվում է հաղթահարված՝ առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:
 
Բանավոր փուլի ժամանակ մասնակիցը վիճակահանությամբ բանավոր առաջադրանքների հարցաշարից ընտրում է 5 հարց, պատրաստվելու համար տրվում է 15 րոպե ժամանակ: Հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, ով քվեարկության արդյունքում հավաքել է հանձնաժողովի անդամների կողմ ձայների կեսից ավելին:
 
Ե՛վ գրավոր, և՛ բանավոր փուլերի արդյունքները կարող են բողոքարկվել հրապարակվելուց հետո՝ 1 ժամվա ընթացքում:
 
Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո` նույն օրը:
 
Հաղթող ճանաչված մասնակցի հետ տնօրենը սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր է կնքում: Եթե մրցույթում հաղթող են ճանաչվել մեկից ավելի մասնակիցներ, ընտրությունը կատարում է հաստատության տնօրենը:
 
Մրցութային հանձնաժողով
 
Մրցութային հանձնաժողովը կազմված է 5 անդամից` հաստատության տնօրենի գլխավորությամբ:
 
Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե մասնակցում են առնվազն 4 անդամներ: Քվորում չապահովվելու դեպքում նիստը կարող է հետաձգվել 2 անգամ` 3 աշխատանքային օր ժամկետով:
 
Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են առնվազն 4 կողմ ձայներով: Մրցույթին դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել մարզպետարանի և համայնքապետարանի ներկայացուցիչներ:
 
Նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչև 2021 թվականի դեկտեմբերի 14-ը:
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media