Կոկա-կոլա. նյարդային խանգարման բուժման դեղից՝ սիրված ըմպելիք. «Փաստ»

04-12-2021 13:14:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
«Փաստ» օրաթերթը գրում է. Coca-Cola-ի ստեղծման պատմությունն սկսվել է ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքներից մեկում՝ Ատլանտայում (Ջորջիա նահանգ) 1886 թվականին: Այն հորինել է Ջոն Սթիթ Փեմբերթոնը, որը ժամանակին եղել է ամերիկյան Կոնֆեդերացիայի բանակի սպա, իսկ հետո դարձել դեղագործ: Նրա հաշվապահ Ֆրանկ Ռոբինսոնը հենց այն անձն է, որը հորինել է Կոկա-Կոլա անունը: Coca-Cola մակագրությունը շատ գեղեցիկ ֆիգուրային տառերով է նկարվել (Ֆրենկը տիրապետում էր կալլիագրաֆիային) և հետագայում այդ խմիչքի պատկերանշանը չի փոխվել: Կոկա-Կոլայի հիմնական բաղադրիչներն են կոկայի տերևները (3 մաս) և արևադարձային կոլա ծառի ընկույզները (1 մաս):
 
Հարկ է նշել, որ ժամանակին կոկայի տերևները օգտագործվել են որպես թմրանյութ՝ կոկաին ստանալու համար: Փեմբերթոնը արտոնագրել է իր ըմպելիքը որպես «ցանկացած նյարդային խանգարման բուժման» դեղ: Ատլանտա քաղաքի Ջեկոբե ամենախոշոր դեղատունը առաջինն է սկսել վաճառել Կոկա-Կոլա:
 
Ըստ Պեմբերտոնի, իր խմիչքը ունակ է բուժել իմպոտենցիան, ինչպես նաև մորֆինի սովոր ցանկացած անձ կարող է անցնել այդ ըմպելիքին (հարկ է նշել, որ Պեմբերտոնը ինքը ևս անտարբեր չէր մորֆինի նկատմամբ): Այն ժամանակ կոկաինը արգելված նյութ չէր համարվում, և հայտնի չէին առողջության վրա նրա բացասական հետևանքները: Կոկա-Կոլայի պատմությունը սկսվել է որոշ խնդիրներով: Սկզբում խմիչքի վաճառքը լավ չի ընթացել, միջին հաշվով եղել է օրական 9 հաճախորդ, իսկ վաճառքից առաջացած առաջին տարվա եկամուտը կազմել է ընդամենը 50 դոլար այն դեպքում, որ արտադրության վրա ծախսվել է 70 դոլար:
 
Այնուամենայնիվ, աստիճանաբար, ժամանակի ընթացքում, Կոկա-Կոլան ավելի ու ավելի է հայտնի դարձել, և վաճառքը սկսել է նաև շահույթ բերել: 1888 թվականին Պեմբերտոնը վաճառել է իր խմիչք պատրաստելու և վաճառելու իրավունքը: Գործարար Ասա Գրիգգս Կենդելը 1892 թվականին դարձել է «The Сосa-Cola Company» ընկերության հիմնադիրը և միաժամանակ ԿոկաԿոլա ըմպելիքի նկատմամբ բոլոր իրավունքների տերը: Նրա ընկերությունն այսօր էլ է զբաղվում այդ խմիչքի արտադրությամբ: Սկսած 1902 թվականից Կոկա-Կոլան դարձել է ԱՄՆ-ում ամենահայտնի ըմպելիքը, և նրա շրջանառությունը կազմել է 120 000 դոլար:
 
Բացի դա, կոկաինի արգելքի հետ կապված, խմիչքի արտադրության մեջ սկսել են օգտագործել «քամած» կոկայի տերևները (դրանք այլևս կոկաին չեն պարունակում): Կոկա-Կոլայի ժողովրդականությունն այդ ժամանակվանից զգալիորեն աճել է: Խմիչքի գյուտից հիսուն տարի անց այն շատ ամերիկացիների համար դարձել է մի տեսակ ազգային խորհրդանիշ: Եթե 1894 թվականից ի վեր Կոկա-Կոլան վաճառվել է միայն շշերով, ապա, սկսած 1955 թվականից, այն սկսել են վաճառել թիթեղյա տարաներով: 1915 թվականին դիզայներ Թերի Օթիցը (Ինդիանա նահանգ) հորինել է վեց ու կես ունցիանոց շիշը: Եթե հավատանք գոյություն ունեցող լեգենդին, ապա այն իր ուրվագծերով նման է այն ժամանակվա սեքս-սիմվոլ դերասանուհի Գրետա Գարբոյի ուրվագծին: Շշերի ծավալները, որոնցով 1955 թվականից ԿոկաԿոլան սկսել է արտադրվել, եղել են 26, 12 և 10 ունցիանոց:
 
Դիետիկ «Diet Coke» -ն վաճառքում հայտնվեց 1982 թվականին: Ամենահայտնի այդ ըմպելիքի բաղադրատոմսն արդեն հարյուրից ավելի տարի գաղտնի է պահվում ոչ միայն մրցակիցներից, այլ նաև հենց արտադրողներից: Ընկերության 139 հազար աշխատակիցներից միայն քսան անձ է տեղյակ ըմպելիքի բաղադրությունից: Ներկայումս «The Сосa-Cola Company» ընկերությունը արտադրում է ավելի քան 3500 տարբեր խմիչքներ: Եթե ինչ-որ մեկը փորձի ամեն օր ըմպել դրանցից մեկը, ապա կպահանջվի 9 տարի բոլոր խմիչքները միայն փորձելու համար:
 
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media