Երևանում 23-ամյա պարեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է. shamshyan.com

04-12-2021 20:05:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: 

Ժամը 16:10-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 23-ամյա Երեմ Գալստյանը՝ իր վարած Skoda մակնիշի ավտոմեքենայով, Տիգրան Մեծի պողոտա 22 շենքի վերգետնյա անցման տակ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող, հետիոտն, Երևանի բնակիչ, 53-ամյա Արա Գալստյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը հարվածից շպրտվել և հայտնվել է Ռումինիայի Հանրապետության քաղաքացու կողմից վարած Suzuki մակնիշի ձախ անիվի տակ և տեղում մահացել:  Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանը, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը:

Skoda-ի վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը, որից հետո Ե. Գալստյանը ահազանգել է ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:  Վրաերթի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ:   

Գ. Շամշյանի տեղեկություններով, Ե. Գալստյանը աշխատում է ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդում՝ որպես պարեկ: Նա ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Դեպքի վայրից էլ նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

Փաստի առթիվ Դ. Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:   Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:  Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

 

 

 

 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media