ԱԺ մշտական հանձնաժողովը կողմ է քվեարկել ԵՏՄ համաձայնագրին

06-12-2021 16:03:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն Արմեն Գեւորգյանի նախագահությամբ դեկտեմբերի 6-ի նիստին  ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը քննարկման է ներկայացրել ««Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով չկանոնակարգվող արտադրանքի շրջանառության կարգի եւ տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
 
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովից: 
 
Համաձայնագիրը ստորագրվել է 2020 թվականին: Փաստաթղթով սահմանվում է միության շրջանակներում արտադրանքի միասնական ցանկում չընդգրկված արտադրանքի շրջանառության կարգը, որի նկատմամբ սահմանվում են միության շրջանակներում պարտադիր պահանջներ, ինչպես նաեւ միասնական ցանկում ընդգրկված արտադրանքի, բայց որի նկատմամբ չեն ընդունվել կամ ուժի մեջ չեն մտել միության տեխնիկական կանոնակարգերը: Նշվել է, որ միասնական ցանկում ընդգրկված է 67 ապրանքախումբ:
 
Համաձայնագրով չեն կարգավորվում պաշտպանական նպատակների համար կիրառվող արտադրանքի, պաշտպանության եւ անվտանգության շահերի ապահովման համար կիրառվող արտադրանքի, օգտագործված արտադրանքի. դեղերի, բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորումները:
 
Նախարարի առաջարկով համաձայնագրի բովանդակային մասը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության Որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանը: Նա տեղեկացրել է, որ համաձայնագիրը չի տարածվում սանիտարական, անասնաբուժասանիտարական եւ կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման հետ կապված իրավահարաբերությունների վրա: Համաձայնագրում նշված արտադրանքի անվտանգությունն ապահովվում է իրավաբանական անձանց կամ ֆիզիկական անձանց կողմից, որոնք գրանցված են որպես անհատ ձեռնարկատերեր, նրանց լիազոր ներկայացուցիչների, այդ թվում՝ արտադրողների, արտադրողի կողմից լիազորված անձանց, ներմուծողների եւ վաճառողների կողմից, որոնք իրականացնում են արտադրանքի արտադրությունը եւ իրացումը դրա կյանքի ցիկլի բոլոր փուլերում՝ (արտադրություն, շինարարություն, մոնտաժում, կարգաբերում, շահագործում, պահպանում)՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
 
Նշվել է նաեւ, որ համաձայնագրով սահմանվում է ապրանքների հետկանչման մեխանիզմը:
 
Միության շրջանակներում վտանգավոր արտադրանքի շրջանառության եւ շրջանառության համար պատասխանատվությունը կարգավորվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
 
Անդամ պետությունների միջեւ համաձայնագրի կիրառման եւ մեկնաբանման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով սահմանված կարգով: Համաձայնագրի ստորագրումը ԵԱՏՄ անդամ պետություններից լրացուցիչ ֆինանսական ծախսեր չի ենթադրում:
 
Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media