Դիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցում 100 տարվա դադարից հետո պատարագ է մատուցվել

06-12-2021 16:58:47   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
Դիարբեքիրի Սուրբ Հովսեփ հայկական կաթոլիկ եկեղեցին պետության կողմից վերանորոգվելուց հետո 10 տարով հանձնվել է Դիարբեքիրի «Դիջլե» համասարանի տնօրինմանը, գրում է Ermenihaber.am-ը: 
 
Դիարբեքիրի Սուր կենտրոնական շրջանում տեղակայված եկեղեցին լրջորեն վնասվել էր 2015-ին այդտեղ թուրքական ուժայինների ու «Քրդստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության զինյալների միջև տեղի ունեցած բախումների ընթացքում: 
 
Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչության կողմից վերանորոգված հայ կաթոլիկներրի համայնքին պատկանող եկեղեցին Դիջլեի համալսարանի կողմից 10 տարի կօգտագործվի կրթական և մշակութային նպատակներով: Դրանով հանդերձ պահպանվել է նաև հայ կաթոլիկ համայնքի՝ եկեղեցում պատարագներ անցկացնելու իրավունքը: 
 
Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը վերանորոգումից հետո օրհնել է եկեղեցին ու այնտեղ երկարատև ընդմիջումից հետո անցկացրել առաջին պատարագը:
 
Զեքիյանը գոհունակություն է հայտնել, որ 100 տարի անց համայնքին պատարագ կազմակերպելու իրավունք է ընձեռվել: 
 
Նշենք, որ 2013թ. ևս Սուրի հայկական եկեղեցին վերանորոգվել էր, ինչից հետո օգտագործվում էր որպես գորգերի արհեստանոց: Խոսակցություններ կային, որ այս անգամ վերակառուցումից հետո կառույցը պետք է որպես եկեղեցի օգտագործվեր, սակայն արդյունքում այլ որոշում է կայացվել:
 
 
 

Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media