Քլունին Թուրքիայից 35 միլիոն դոլար չի վերցրել Հայոց ցեղասպանության հարցում իր դիրքորոշման պատճառով

07-12-2021 14:03:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
shantnews.am. Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին խոսել է արտասահմանյան ավիաընկերություններից մեկի հետ բազմամիլիոնանոց պայմանագրից հրաժարվելու մասին։
 
Ինչպես նշել է դերասանը բրիտանական The Guardian հրատարակությանը տված հարցազրույցում` իրեն առաջարկել են պայմանագիր 35 միլիոն դոլարի չափով։ Դա անելու համար անհրաժեշտ է եղել ընդամենը մեկ օր մարզվել։
 
Դերասանի խոսքով՝ ինքը որոշել է հրաժարվել պայմանագրից կնոջ՝ իրավապաշտպան Ամալ Քլունիի հետ զրուցելուց հետո։
 
«Գովազդը կապված էր մի երկրի հետ, որը թեև դաշնակից է, բայց հաճախ կասկածելի բաների աղբյուր է դառնում: Մենք որոշեցինք, որ դա չարժե»,- ասել է Քլունին:
 
Դերասանը շեշտել է, որ իր կինը, լինելով իրավաբան, շատ պատասխանատու է մոտենում մարդու իրավունքների խախտման հետ կապված խնդիրներին։ Քլունիի խոսքով՝ ինքը որոշել է, որ այս հարցի շուրջ տանջվելու կարիք չկա։
 
Le Figaro ամսագրի փոխտնօրեն, ֆրանսիացի լրագրող Ժան-Քրիստոֆ Բույսոնը մեկնաբանել է Քլունիի ձախողված գործարքը։
 
Թվիթերի իր միկրոբլոգում Բույսոնը նշել է, որ քանի որ Ամալ և Ջորջ Քլունիները ակտիվորեն ներգրավված են եղել 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման արշավում, խոսքը վերաբերում է Թուրքիային և թուրքական պետական ​​Turkish Airlines ավիաընկերությանը։
 
Ջորջ Քլունին Հայաստան է այցելել 2016 թվականի ապրիլի 24-ին՝ մասնակցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Aurora Prize for Awakening Humanity միջազգային մրցանակաբաշխությանը։ Քլունին Երևանում ասել է, որ պետք է հետ նայել ու հիշել, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային պատմության մի մասն է։
 
Ամալ Քլունին, իր հերթին, 2015 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացրել է Հայաստանի շահերը «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով։ Այնուհետև Շվեյցարիայի հայ համայնքի կառույցները պահանջել են թուրք ազգայնական Փերինչեքին մեղավոր ճանաչել ռասայական խտրականության մեջ՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։
 
Հոլիվուդյան դերասանի կինը դատարանում ասել է, որ անհնար է ժխտել մեկ դար առաջ հայերի ցեղասպանության փաստը։
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media