Իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

07-12-2021 17:37:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ պարզվել է, որ 2021թ. ապրիլի 22-ին` ժամը 01:30-ի սահմաններում, 41-ամյա տղամարդը Վաղարշապատ քաղաքի Ֆրիտյոֆ Նանսեն փողոցում գտնվող տներից մեկի դիմաց, անձնական հարցերի շուրջ վիճաբանել է նույն հասցեում բնակվող հորեղբոր որդու հետ, որից հետո հեռացել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից: 
 
Կարճ ժամանակ անց 41-ամյա տղամարդը  իր մոտ ապօրինի պահվող «ԱԿ 103» տեսակի ինքնաձիգով հետ է վերադարձել վերոհիշյալ վայր, որտեղ հանդիպել է ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ծառայողներին: Տղամարդը, հայհոյանքներ հնչեցնելով, ոստիկաններից պահանջել է հեռանալ, որից հետո իր մոտ գտնվող ինքնաձիգից վերջիններիս կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքն իրականացնելու նպատակով կրակահերթ է արձակել, որոնցից երկուսը դիպել են հորեղբոր որդու տան պատին: 
 
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: 
 
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
                 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media