Կարս-Արարատ-Նախիջեւան-Արցախ․ Անկարա-Մոսկվա տանդեմի գերխնդիրը

07-12-2021 18:00:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ը գրում է.

Իշխող Քաղպայմանագիրը ԱԺ նիստում մերժել է Հայաստան խմբակցության ներկայացրած «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը։ Երեկ դրան բացասական եզրակացություն էր տվել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ՔՊ մեծամասնությունը։ Քաղկոմիսարները պարզաբանել էին, թե հայտարարության մեջ անընդունելի են ներքաղաքական գնահատականներ։
 
ԱԺ նիստում արդեն ՔՊ պատգամավորներից Մարիա Կարապետյանը փորձել է ներքաղաքական պատճառաբանությունը լրացնել արտաքին քաղաքական բովանդակությամբ։ Նա մասնավորապես ասել է․ «Հայաստանն ունի ինքնիշխան տարածք, և այն պետք է պաշտպանվի, այդ թվում` սահմանազատման ու սահմանագծման գործընթացի միջոցով, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման  հարթակը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունն է, և Հայաստանի ու Արցախի շահերից չի բխում եռանախագահության ներքո քննարկվելիք հարցերը տեղափոխել կամ փոխկապակցել սահմանազատման կամ սահմանագծման օրակարգի հետ»:
 
Հայտարարության նախագծում, ի թիվս այլ պահանջների, կառավարությանը կոչ է արվում «սահմանագծման եւ սահմանազատման վերաբերյալ հարցը որեւէ կերպ չտարանջատել Արցախի ժողովրդի՝ իր պատմական տարածքում ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումից»։
 
ՔՊ-ն, ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը, համարում են, որ այդ հարցերն իրար հետ կապ չունեն։ Սա խնդիրն ամբողջությամբ չհասկանալո՞ւ, թե Մոսկվայի ու Բաքվի պահանջներին ենթարկվելու արդյունք է։ Հենց այդպիսին է, համաձայն թյուրք գործիչների, Անկարա-Մոսկվա տանդեմի գերխնդիրը՝ մասնատել հայկական իրավունքների փաթեթը 1921 թվականի Լենին-Քեմալ գործարքի ոգով եւ դեռ ավելին՝ Հայաստանը նոր վտանգի ենթարկել արդեն նաեւ Արարատ-Վայոց Ձոր-Սյունիքի արեւմուտք ճակատից:
 
«Հայաստանի ինքնիշխան տարածքը» եւ «խորհրդային քարտեզներով սահմանազատումը»՝ ծուղակներ են, որի մասին բազմիցս գրվել է։ Այդպիսով փակվում են Արցախի եւ Նախիջեւանի կարգավիճակների (Եզերք) խնդիրները: Զուր չէ, որ Էրդողանը Սոչիից հետո հայտարարեց, թե «հաջողվել է լուծել Նախիջեւանի խնդիրը»։ Հայաստանը հարավից էլ անպաշտպան սահման է ստանում Թուրքիայի հետ:
 
Մոսկվան ու Բաքուն «սահմանազատումը» փորձում են իրականացնել հետնամուտքից, առանց իրավական հենքը ճշտելու։ Հայաստանի համար էականը իրավական հիմքի շուրջ համաձայնությունն է, որը կբացառի Մոսկվա/Կարս պայմանագրով գծված Հայաստանի անկենսունակ եւ անպաշտպան սահմանների վերարտադրությունը։
 
Ի վիճակի՞ է իշխող ուժը նախ ըմբռնել, այնուհետեւ՝ հրապարակայնորեն քննարկել ու պնդել Կարս-Արարատ-Նախիջեւան-Արցախ անբաժանելի հարցերը։ Թե կգերադասի իրենց ուժերին համապատասխան գողտրիկ մի «պանդոկ-Հայաստան»՝ «խաղաղասեր հերեւանների» ողորմությունն ակնկալող ժպիտները դեմքին: Նույնը վերաբերում է նաեւ պառլամենտական փոքրամասնությանը։
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media