Ըստ Վարդևանյանի՝ Ռուբինյանի աշխատակազմից ՀՅԴ-ականներին հրավիրել են սուրճի և բռնություն գործադրել

07-12-2021 19:29:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«Հետք» Խորհրդարանում այսօր հերթական ծեծկռտուքն է եղել, այս անգամ ոչ թե նիստերի դահլիճում, այլ՝ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում:
 
Միջադեպի մասնակիցներն են եղել իշխանական պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը, Վահագն Ալեքսանյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավորների 3 օգնականը, այդ թվում` դաշնակցական Գերասիմ Վարդանյանը:
 
Ծեծկռտուքը փորձել են հարթել անվտանգության աշխատակիցները: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ պատգամավորների օգնականները միջանցքում բանավեճ են ունեցել ՔՊ-ական երկու պատգամավորի՝ Սիսակ Գաբրիելյանի և Հրաչյա Հակոբյանի միջև: Միջադեպը, Վարդևանյանի տեղեկություններով, հարթվել է, որից հետո մասնակիցներին են զանգահարել Ռուբինյանի աշխատակազմից ու հրավիրել սուրճի:
 
«Սուրճը, բնականաբար, չի լինում, որովհետև խոսքը գնում է նախապես պլանավորած գործողության մասին: Մոտ քսան անձ է ներխուժում, այդ թվում՝ պատգամավորներ ու սկսում են հարվածել մեր տղաներին: Նրանց մեջ նաև այն պատգաավորներից են եղել, որոնք խուլիգանական վարքագիծ էին դրսևորել նիստերի դահլիճում»,- պատմեց Վարդևանյանը:
 
Վարդևանյանի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել ՊՎԾ աշխատակիցների ներկայությամբ, սակայն նրանք միջամտել են միայն հօգուտ իշխանության:
 
Դիտարկմանը, որ տեղեկություն կա, թե դաշնակցական երիտասարդները ռեպլիկ են հնչեցրել պատգամավորների հասցեին, Արամ Վարդևանյանն ասաց, որ, իր տեղեկություններով, ռեպլիկն արել է պատգամավորը: Դրան ի պատասխան հարցադրում է հնչել պատգամավորներին, ապա խնդիրը՝ հարթվել: Ըստ նրա՝ դաշնակցական երիտասարդները մարմնական վնասվածքներ են ստացել, որոնց աստիճանը կարող է դատաբժիշկը հայտնել:
 
Նշենք, որ գլխավոր դատախազությունը միջադեպի վերաբերյալ հրապարակումներն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն:
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media