ՃԿՊԱ լրագրողի պիեսը թիմային հիանալի աշխատանքի մրցանակ է ստացել

07-12-2021 20:12:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
cmsa.am Դեկտեմբերի 3-5-ը Նորարար փորձառական արվեստի կենտրոնում կայացավ «Մեկ քառակուսի մետր» թատրոնի եւ կատարողական արվեստի միջազգային 15-րդ փառատոնը։ «Հիանալի թիմային աշխատանքի համար» հատուկ հիշատակման արժանացավ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի լրագրող Անի Անտոնյանի «Մայրը» պիեսի բեմադրությունը։
 
«Մայրը» մոնոներկայացման բեմադրիչ Հայարփի Ասոյանը ռեժիսորական ուրույն լուծումներով կարողացել էր ընտանիքին հավատարմորեն ծառայող կովի կերպարի հետեւում ցույց տալ մերօրյա իրականությունը՝ քաղաքական խաղեր, համավարակ, պատերազմ։
 
«Ի սկզբանե պիեսը գրվել էր կնոջ կերպարի համար, սակայն որոշեցինք փորձարկում անել՝ մի բուռ դարձած մեր հայրենիքը ներկայացնելով նոր մայրացած կենդանու տեսքով։ Չնայած հանդիսատեսի հակասական զգացողություններին՝ կերպարը դարձավ սիրելիներից մեկը»,- նշեց Անի Անտոնյանը։ Կովին մարմնավորել էր մնջախաղի դերասանուհի Քնարիկ Շուշանյանը։
 
Ստորեւ ներկայացնում ենք պատմվածքը։
 
***
 
Մոր անունը
 
Արշալույսը մտավ գոմ ու մինչեւ պռունկը խոտով լցված մսուրի կողքին գտավ Նաղըշին, որը սաստիկ ցավից փորը գետնին էր քսում: Կենդանու մսոտ վիզը մեկումեջ ջղաձգվում էր, աչքերն արյուն էին կապել: Անասնաբույժն ախտորոշեց մարսողական խանգարում։
 
Դա պատճառ դարձավ, որ ութ տարվա կյանքի մեջ առաջին անգամ Նաղըշի հղիությունը սովորականից ուշանա։ Ի՞նչ իմանար խեղճ անասունը, որ իր լուսացրած ամեն գիշերը կենսաշրջանառության օրենք է, ու երկոտանիների քաղաքակիրթ աշխարհն օրենքից շեղում չի հանդուրժում։
 
Արշոյի սեւ կովն էր Նաղըշը, որի կրծքի ծորաններում խտացող անյուղ կաթից մերած կաթնամթերքը նույնիսկ վաճառքի հարմար չէր։ Բայց եւ այնպես, Նաղըշը տան տասնմեկ «նաֆարին» կերակրողն էր։
 
Օգոստոս ամիսն էր․ Արշոն Մոսկվա էր գնացել՝ որդու տուն։ Ծանրացած կենդանին քանիցս նայեց գոմի դռանը, ապա բազմափորձ ծննդկանի դանդաղկոտությամբ կողերով հենվեց սառը գետնին ու երկար բառաչով ազդարարեց նոր ծնունդը։ Նույն գիշեր կինը վերադարձավ, առանձնակի շոյանքով լվաց կովի պտուկներն ու կթեց։
 
Դժվար օրեր եկան։ Գյուղի անասունը մայիսից սարերում արածում էր, իսկ Արշոն երազանքով հավաքած գումարով ստիպված խոտ առավ՝ Նաղըշին ու հորթին պահելու համար։ Հենց այդ օրերին էր, երբ նոր մայրացած ու ազատություն տեսած սեւուկը դիմացի դաշտում հանդիպեց տռճիկ տվող ցլիկին, լայնացած կոնքերում անսովոր խաղ ընկավ, ճակատի սպիտակ խալը կնճռոտվեց հաճույքից։
 
Տարին շրջվեց, եկավ ապրիլը։ Ընտանիքը որոշեց, որ երկու մեծ կով պահելն արդեն ճոխություն էր։ Թոկը ձեռքին անծանոթը մի կերպ ձգեց կովի վիզն ու դուրս բերեց գոմից։ Արշոն գիշերը չքնեց։
 
Լուսադեմին անծանոթը եկավ պարտք-պահանջը տալու՝ քթի տակ նախատելով․ «Ո՞նց հղի անասունի վզին դանակ դրիք»։
 
Արշոն քարացավ, ձեռքով ծածկեց արցունքները, նախաշեմի թախտից մեխանիկորեն ոտքի կանգնեց ու գնաց դեպի գոմը։ Տասն ամսական հորթուկը պար էր գալիս խաղաղ որոճացող Եղնիկի շուրջը, որի նկատմամբ բախտն ավելի բարեհաճ էր գտնվել։ Կինը ձեռքով սանրեց հորթի թավամազը՝ ինքն իրեն հանգստացնելով, որ մեր օրերում նույնիսկ մեռածի հետեւից չեն լալիս։ Ախր կովն ի՞նչ է որ։
 
Ու սկսեց ձագին մոր անունով կանչել, թեեւ գյուղում ասում են՝ մինչ կով դառնալը հորթին անուն չեն տալիս։
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media