ՀայՓոստը հայտարարում է նամականիշի պատկերազարդման (դիզայնի) մրցույթ

18-01-2022 15:02:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
ՀայՓոստը «Եվրոպա 2022. Պատմություններ և առասպելներ» թեմայի շրջանակում հայտարարում է նամականիշի պատկերազարդման (դիզայնի) մրցույթ: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է նամականիշի պատկերազարդումն իրականացնել հայկական հայտնի առասպելների մոտիվներով և մինչև փետրվարի 15-ը ներկայացնել ՀայՓոստին՝ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստին: 
 
ՀայՓոստը հաղթողին կպարգևատրի 200.000 (երկու հարյուր հազար) դրամով, ինչպես նաև նամականիշը կներկայացնի PostEurop-ի կողմից հայտարարվող միջազգային ամենամյա EUROPA նամականիշերի մրցույթին, որտեղ 2019 թ.-ին Հայաստանի նամականիշը (գյուղական ծիծեռնակ) զբաղեցրել է առաջին, իսկ 2020 թ.-ին Գյումրին պատկերված նամականիշը՝ երկրորդ հորիզոնականը: 
 
 «Ինչպես հայտնի է, նամականիշը փոստային վճարման պետական նշան է: Ըստ իս, մեծ պատիվ է հանդիսանալ պետական այս խորհրդանիշների հեղինակ: Նամականիշների միջազգային «Եվրոպա» մրցույթը այս ոլորտի ամենահեղինակավոր մրցույթներից մեկն է, որին էլ կմասնակցի հաղթող նամականիշը: Այս տարվա մրցույթի թեման՝ ազգային առասպելներ, հեղինակներին թույլ կտա աշխարհին պատմել հայկական հին առասպելների և լեգենդների մասին, արտահայտել իրենց ստեղծագործական հնարավորությունները»,- նշեց ՀայՓոստի ֆիլատելիայի բաժնի ղեկավար Շուշան Ալեքսանյանը։
 
Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձ։ Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել նամականիշի մեկ կամ մի քանի էսքիզ (դիզայն) մինչև 2022թ. փետրվարի 15-ը, դրանք ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստին:  
 
Հայտը պետք է պարունակի նամականիշի դիզայնի բարձր որակի լուսանկար՝ JPEG կամ PNG ձևաչափով, մասնակցի անձը հաստատող փաստաթղթի էլեկտրոնային պատճեն, կոնտակտային հեռախոսահամարը և այլն։ 
 
Մրցույթի պայմանների և ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերին կարող եք ծանոթանալ կից հղումով 
 
ՀայՓոստ ՓԲԸ
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media