Խորհրդարանական ընդդիմությունն իր բոլոր ռեսուրսները նպատակուղղել է, որպեսզի հանրությանը համոզի՝ իրենց ապագան թուրքացումն է. Անի Սամսոնյան

18-01-2022 16:16:32   | Հայաստան  |  Մեկնաբանություն
ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը գրում է
 
«Ես վստահ էի, որ Ազգային ժողովի նստաշրջանի բացման  առաջին զոհը դառնալու է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ հունվարի 14-ի հայ-թուրքական հանդիպումից հետո։ Գուշակել էի, ոչ թե նրա համար, որ քաղաքական վանգա եմ, այլ պարզապես մեր խորհրդարանական ընդդիմությունն է շատ պարզունակ, մակերեսային և կանխատեսելի։ Ըստ էության հարձակումների նպատակը պարզ էր․
 
Նպատակ N1։ Վարկաբեկել Ռուբեն Ռուբինյանին որպես բանակցող և ապացուցել հանրությանը, որ իշխանության ընտրությունը սխալ է, քանի որ էմոցիոնալ և հունից դուրս եկող անձը չի կարող վարել դիվանագիտական՝ այն էլ ոչ սովորական և խնդրահարույց բանակցություններ։ Այս նպատակին մեծ հաշվով ընդդիմությունը հասավ, որովհետև Ռուբինյանի վարքագիծը քաղհասարակության համար չընկալվեց որպես բանակցողի, բայց քանի որ դեռ ժամանակ կա, ԱԺ նախագահի տեղակալը կարող է ինչ-որ բան ապացուցել, եթե գործի խելացի և կշռադատված։ Բոլոր դեպքերում, կարծում եմ, որ իր համար ևս սա կարող էր լինել կանխատեսելի, որի դեպքում անհրաժեշտ է միշտ պատրաստվել և տալ ոչ թե գոռգոռոցային, այլ մարտավարական հակահարված։
 
Նպատակ N2: Խորհրդարանական ընդդիմությունն ըստ երևույթին իր բոլոր ռեսուրսները նպատակուղղել է այն բանին, որպեսզի հանրությանը համոզի, որ իրենց ապագան թուրքացումն է և այս իշխանությունը գործակալ է, որը կոչված  է իրականցնելու այդ առաքելությունը, իսկ իրենք տառապած փրկիչներ են, որոնք պատրաստ են իրենց գլուխը դնել թուրքի յաթաղանի տակ (ծիծաղս եկավ սա գրելուց)։
 
Նպատակ N3: Եթե Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չկարողացան կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները և կրել խաղաղարարի դափնու պսակները, ինչու դա պետք է անի Նիկոլ Փաշինյանը (մեզանից խելոք և ուժեղ տղա չի էլի)։ Իհարկե չպետք է անի և որքան ամբիոն ու մեդիա կա, պետք է ուղղել հարաբերությունների կարգավորման տապալմանը։
 
Այս երեք նպատակները սպառիչ չեն, որովհետև այս հարցում կան շատ ավելի խորը ներքին քաղաքական և աշխարհաքաղաքական շահեր և շահերը իրագործողներ, որոնց մասին ֆեյսբուքիս պատին գրելը կլիներ միամտություն և շտապողականություն։
 
Բոլոր դեպքերում, այն, ինչ այսօր անում են ամբիոն ունեցող քաղաքական կրկեսի ներկայացուցիչները կարող եմ անվանել հետևալ կերպ՝ պետական կոռոզիա։
 
Պետության և հայրենիքի հանդեպ հիստերիկ շարժումներով ու կչկչոցով սեր արտահայտողներին սերունդներն իրավունք ունեն միայն նզովելու»։
 
 
 


Նոյյան տապան   -   Մեկնաբանություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media