Պետք է փոխել մոտեցումները՝ սերունդներին կանխատեսելի, կայուն, առողջ աշխարհ թողնելու համար. նախագահ Սարգսյան



18-01-2022 16:51:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի շրջանակում անցկացվող՝ «Երիտասարդությունը հանուն կայունության» («Youth4Sustainability») համաժողովում հանդես է եկել որպես գլխավոր բանախոս:
 
Նախագահ Սարգսյանն իր ելույթում խոսել է ժամանակակից աշխարհում կատարվող սրընթաց փոփոխությունների, ներկայիս մարտահրավերների, տեխնոլոգիական զարգացումներն ի շահ շրջակա միջավայրի պահպանության օգտագործելու կարևորության մասին:
 
«Առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ արդյունաբերական հեղափոխություններից հետո, կարծում եմ, չեն լինի հինգերորդը, վեցերորդը, յոթերորդը, քանի որ մենք ապրելու ենք մշտական հեղափոխության շրջանում, որը ես անվանում եմ սրընթաց հեղափոխություն: Դա կլինի հեղափոխություն, որը տեղի կունենա ամեն ամիս: Նոր տեխնոլոգիական զարգացումները, նոր գաղափարներն այնքան արագ են իրագործվելու, որ մենք դժվարանալու ենք հետևել,- ասել է նախագահ Սարգսյանը: -Փոփոխություններ ու զարգացում լինելու են ամենօրյա ռեժիմով: Սակայն, միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք թունավոր նյութեր արտանետել մթնոլորտ և վնասում ենք ոչ միայն կլիման, այլև՝ մեր շրջակա միջավայրը: Մենք մեր շրջակա միջավայրը վնասում ենք նաև քիմիական նյութերի արտանետմամբ, միջուկային փորձարկումների իրականացմամբ: Այս ամենը հանգեցնում է նաև տարատեսակ հիվանդությունների: Եվ ահա ունենք այն, ինչ ունենք: Մենք ապրում ենք մի աշխարհում, որը ոչ միայն խնդիրներ ունի կլիմայի հետ, այլև, ընդհանուր առմամբ, մեծ մարտահրավերների առջև է կանգնած:
 
Այս աշխարհը դարձել է անկանխատեսելի, փոխկապակցված, որտեղ անկայունության զգացում կա, որտեղ պոպուլիզմը շատ արագ է զարգանում: Սա աշխարհ է, որտեղ շատ անպատասխան հարցեր կան»:
 
Նախագահ Սարգսյանը կարևոր է համարել, որ ներկայիս արագ փոփոխվող աշխարհում տեխնոլոգիաներն ու բիզնեսն ավելի «կանաչ» վարքագիծ դրսևորեն. «Աշխարհում առկա խնդիրներից մեկը կլիմայի, շրջակա միջավայրի պահպանությունն է: Ինչպե՞ս ենք մենք այդ խնդիրը լուծում: Մենք այս ոլորտում որոշակի առաջընթաց ունենք այն առումով, որ շատ ինստիտուտներ, ընկերություններ, բարեգործական կազմակերպություններ հանձնառություն ունեն՝ աջակցել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին: Սակայն ո՞րն է վերջնական լուծումը:
 
Կարծում եմ՝ լուծում կգտնվի, երբ կլիմայի փոփոխություններին առնչվող «դուռը» բացվի տեխնոլոգիաների համար: Մենք օգտագործել ենք տեխնոլոգիաները և վնասել կլիման, խնդրի լուծումը պետք է գտնվի տեխնոլոգիաների միջոցով: Լուծումը կգտնվի նաև այն ժամանակ, երբ կլիմայի փոփոխության լուծման դռները բացվեն բիզնեսի համար: Այսինքն՝ երբ բիզնեսը, արդյունաբերությունն ավելի շատ շահույթ ունենան «կանաչ» վարքագիծ դրսևորելով: Բիզնեսը պետք է շահագրգռված լինի բնությանն ավելի քիչ վնաս հասցնել: Ամբողջ աշխարհում՝ և՛ հանրային, և՛ մասնավոր հատվածում տրիլիոնավոր դոլարների հասանելիություն կա, որոնք կարող են ներդրվել այսպիսի բիզնեսում և այդ կերպ լուծել կլիմայի փոփոխություններ հետ կապված խնդիրները: Դա է առաջ գնալու ուղին:
 
Կարող եմ ներկայացնել իմ գաղափարը, որը հնչեցրել եմ Գլազգոյում: Մենք բոլորս ապրում ենք նույն մոլորակի վրա, և արդյոք կապ ունի՞, թե որտեղ ենք ծառ տնկում: Երբ թթվածին է արտազատվում, կապ ունի՞, թե որտեղ է դա տեղի ունենում՝ Էմիրություններո՞ւմ, Կատարո՞ւմ, Սիբիրո՞ւմ, թե՞ Չինաստանում, քանի որ թթվածինը արտազատվում է ամբողջ աշխարհի համար: Նույնն է նաև վնասելու դեպքում: Երբ մենք այստեղ վնասում ենք կլիման, դա ազդեցություն է ունենում մնացած երկրների վրա:
 
Կան շատ երկրներ կամ կազմակերպություններ, որոնք CO2 են արտազատում, սակայն պատրաստ են փոխել դա: Յուրաքանչյուր փոփոխություն ժամանակ է պահանջում: Մեր կյանքը 30, 40, 50 տարի առաջ, կարելի է ասել, սև էր՝ ածուխի, հետագայում նաև՝ նավթի այրման հետևանքով: Այսօր այն մի փոքր ավելի մոխրագույն է դարձել, քանի որ սկսել ենք օգտագործել արևի, քամու էներգիան, ավելի շատ գազ ենք այրում, քան նավթ: Սակայն մեր նպատակն է դառնալ կանաչ: Սևից դեպի կանաչ անցում կատարելու համար մեզ ժամանակ և մեծ ջանքեր են հարկավոր:
 
Եթե Հայաստանը փոքր երկիր է և կլիմայի հետ կապված մեծ խնդիրներ չունի, կա նաև մեծ երկիր, որն ածուխ է այրում, և այդ երկրին ժամանակ է հարկավոր՝ այն արևի էներգիայի փոխակերպելու համար: Ես այդ երկրին ասում եմ՝ քեզ 100 միլիոն դոլար պարտք ունեմ, կարող եմ առաջարկել, որ այդ գումարը քեզ վերադարձնելու փոխարեն ծառեր տնկեմ, կամ կանաչ գործունեություն ծավալեմ և այդ կերպ վճարեմ իմ պարտքը:
 
Խնդիրն առաջացել է արդյունաբերական և տեխնոլոգիական մեծ զարգացման հետևանքով, և լուծումն էլ պետք է գտնվի դրանց կիրառման և բաց քաղաքականություն վարելու միջոցով: Առաջին հերթին պետք է փոխել ոչ թե տեխնոլոգիաները, գործիքները, այլ՝ մոտեցումները, թե ինչպես ենք վերաբերվում աշխարհին, մեր բիզնեսին, որ մեր երեխաների համար մենք ցանկանում ենք կանխատեսելի, կայուն, առողջ աշխարհ թողնել:
 
Եկեք շատ պրագմատիկ լինենք՝ այս աշխարհը կայուն դարձնելու համար»:
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media