Կապացուցենք, որ հրթիռները պիտանի էին, դրանք հիմա էլ են անհրաժեշտ. Սարգսյան

19-01-2022 21:11:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
hraparak.am Իմ պաշտպանյալը բնականաբար մեղադրանքը չի ընդունում ու հասկանում ենք, կարծում եմ, ինչու չի ընդունում, երբ ուսումնասիրում ենք , թե իրականում նրան ինչում են մեղադրում։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
 
«Իհարկե ակնհայտ է , որ նրան ինչում մեղադրում են, դա որևէ կերպ չի հիմնավորվում։ Խնդիրը իրականում եղել է այն, որ նրա ղեկավարած գերատեսչությունը հրթիռների կարիք է ունեցել,  պահանջ է ունեցել,  դրա համար էլ դրանք գնվել են ու հիմա դրանք որքանով էին պիտանի, որքանով էին անպիտան, մենք այս գործի շրջանակում կապացուցենք, որ դրանք պիտանի էին։ Փորձում են ապացուցել , թե դրանց կարիքը չկար և այլն, սակայն հիմա էլ դրանց կարիքը կա, լավ գիտեք»,- ասաց Սարգսյանը։
 
«Ինչ մնում է այսօրվա նիստին, կարող եմ ասել, որ դատավորը հարցրեց, թե ինքնաբացարկի միջնորդություն ունենք, թե ոչ, իսկ մենք պատասխանեցինք, որ մինչեւ այդ հարցին անդրադառնալը մենք նախ պիտի պարզաբանենք, թե ինչ կարգով է տեղի ունեցել դատավորի ընտրությունն այս գործով ։ Բնականաբար գիտեք, որ մակագրումը այս անգամ ևս համակարգչով չի արվել, արվել է դատարանի նախագահի կողմից ձեռքով մակագրմամբ, իսկ մենք խնդրել ենք ներկայացնել, թե արդյոք մակագրումը տեղի է ունեցել , ասենք, դատավորների անուն-ազգանունների այբբենական հերթականությամբ , թե ոչ։ Մեր միջնորդությունը, այո, բավարարվեց ու այս ամենի վերաբերյալ պատասխանը կստանանք արդեն վաղը ժամը11-ին, իսկ մինչեւ այս հարցի պատասխանը, ինչպես արդեն ասացի , նիստը շարունակվել պարզապես չէր կարող , վաղն արդեն կստեսնենք»,- ասաց Սարգսյանը։
 
Հիշեցնենք՝  այսօր, հունվարի 19-ին,  կայանում էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավիթի» եւ մյուսների գործով դատական նիստը։ Նիստը կայանում էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի։
 
ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով կատարված նախաքննությամբ, հիշեցնենք, պարզվել է, որ ՀՀ ԶՈւ եւ ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» եւ «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018թ. ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել թվով 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված եւ ՀՀ ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։ Պարզվել է նաեւ, որ վերը նշված անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար առկա խոչընդոտները վերացնելու եւ իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՀՀ ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։ Ընդ որում՝ նշված ռազմաթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումարի հափշտակություն։
 
 
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media