Դեսպան Մկրտչյանն իր հավատարմագրերն է հանձնել Հունաստանի Հանրապետության նախագահին

20-01-2022 10:59:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
Հունաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը նախագահ Կատերինա Սակելարոպուլուին հանձնել է իր հավատարմագրերը:
 
Պաշտոնական արարողությանը հաջորդած հանդիպման ընթացքում Հունաստանի նախագահը շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ վստահություն հայտնելով, որ նա իր ջանքերը կներդնի երկկողմ հարաբերությունների առավել զարգացման գործում: Կատերինա Սակելարոպուլուն հաջողություններ է մաղթել դեսպան Մկրտչյանին Հունաստանում դիվանագիտական առաքելության իրականացման գործում և արտահայտել իր աջակցությունն այդ առաքելությանը:
 
Ընդգծելով Հայաստանի ու Հունաստանի ավանդական բարեկամական հարաբերություններն ու պատմականորեն ձևավորված սերտ կապերը՝ դեսպան Մկրտչյանը նշել է, որ երկու երկրները համագործակցությունն առավել խորացնելու մեծ ներուժ ունեն և վստահեցրել է, որ նրա գործունեության արդյունքում հայ-հունական համագործակցության օրակարգն ավելի կընդլայնվի` նպաստելով երկու եղբայրական ժողովուրդների և երկրների հարաբերությունների առավել ամրապնդմանը: Դեսպանն ընդգծել է, որ հայ-հունական հարաբերությունները հիմնվում են ընդհանուր արժեքների, սկզբունքների և արյունակցական կապերի վրա, որոնք վեր են բոլոր տեսակի այլ շփումներից։ Միաժամանակ դեսպանը նշել է, որ իր գործունեության առանցքում լինելու են ոչ միայն քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորացումը, այլ նաև՝ մշակութային և գիտակրթական ոլորտներում առկա մեծ ներուժի կիրառումը։ 
 
 
 

Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media