Ուկրաինա ներխուժումն աղետ կդառնա Ռուսաստանի համար, զգուշացնում է Բայդենը

20-01-2022 11:44:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Ազատություն. Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա «աղետ կդառնա» Մոսկվայի համար, երեկ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
 
«Եթե նրանք [Ռուսաստանի իշխանությունները] անեն այն, ինչի ընդունակ են՝ սահմանին կենտրոնացված իրենց ուժերով, դա աղետ կլինի Ռուսաստանի համար», - Սպիտակ տանը կայացած ասուլիսում ասել է Միացյալ Նահանգների նախագահը։
 
Բայդենը հավելել է, որ ԱՄՆ գործընկերներն ու դաշնակիցները «պատրաստ են լուրջ վնաս հասցնել ռուսական տնտեսությանը»։
 
Ոչ մի հիմք չկա պնդելու, որ ՆԱՏՕ-ի անդամները միասնական չեն լինի ռուս-ուկրաինական սահմանին ստեղծված իրավիճակի ֆոնին Ռուսաստանի Դաշնության դեմ պատասխան գործողությունների հարցում, հավելել է ԱՄՆ նախագահը։
 
Միացյալ Նահանգների հանրապետական սենատորներն էլ հայտարարել են, որ դեմոկրատների հետ աշխատում են Ուկրաինային օգնելու նոր օրինագծի վրա: Նրանք առաջարկում են Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում անջատել ռուսական բանկերը SWIFT վճարային համակարգից:
 
Անցյալ շաբաթ հանրապետական Թեդ Քրուզի առաջարկած օրինագիծը, որը նախատեսում էր «Հյուսիսային հոսք 2»-ի նկատմամբ պատժամիջոցների կիրառում, չընդունվեց Սենատի կողմից։ Օրինագծի քննադատները նշում էին, որ այն կարող է վատթարացնել ԱՄՆ-ի հարաբերությունները դաշնակիցների, առաջին հերթին՝ Գերմանիայի հետ:
 
Ավելի վաղ դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսն էր օրինագիծ առաջարկել, որը պատժամիջոցներ էր նախատեսում Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ, եթե Ուկրաինայի վրա հարձակում լինի:
 
Սենատոր Քևին Քրամերը լրագրողներին ասել է, որ «ավելի լավ է ընդունել ինչ-որ բան, քան՝ ոչինչ», հավելելով, որ արդեն իսկ առկա տարբեր առաջարկները կարող են միավորվել մեկ օրենսդրության մեջ:
 
Լիլիթ Հարությունյան
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media