Զորքերի հայելային հետքաշման դեպքում այնտեղ, որտեղ կան բնակավայրեր, զորքերը կանգնելու են հենց այդ բնակավայրերի մոտ. ԱԽՔ

20-01-2022 13:15:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Հայկական ժամանակ. Սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ Հայաստանի՝ Ադրբեջանին ներկայացված առաջարկությունների փաթեթն ընդհանուր առմամբ վերաբերում է սահմանում բարենպաստ պայմանների ստեղծմանը, որպեսզի սկսենք սահմանագծման և սահմանազատման գործընթացներ:
 
Այսօր այս մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտնեց  Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
 
«Դա վերաբերում է հայելային տարբերակով զորքերի հետքաշմանը, սահմանապահ զորքերի տեղակայմանը սահմանի երկայնքով՝ հաշվի առնելով Խորհրդային Միության տարիներին գոյություն ունեցող քարտեզներ: Զորքերի հայելային հետքաշման դեպքում այնտեղ, որտեղ կան բնակավայրեր, զորքերը կանգնելու են հենց այդ բնակավայրերի մոտ»,- մանրամասնեց Գրիգորյանը։
 
Հիշեցնենք՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ռուսական կողմին և ռուսական կողմի միջնորդությամբ՝ Ադրբեջանին:
 
Խոսելով՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի երկարաժամկետ և համապարփակ լուծման մասին, անվտանգության խորհրդի քարտուղարն ասաց՝ Հայաստանը շարունակում է ակնկալել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն տարածաշրջան:
 
Անդրադառնալով դիտարկմանը, թե խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ պաշտոնական Բաքուն սպասում է պաշտոնական Երևանի արձագանքին, Գրիգորյանն  ասաց.
 
«Մենք շարունակելու ենք աշխատել, որպեսզի կարողանանք ձևակերպել համապարփակ խաղաղության այդ պայմանագիրը։
 
Խաղաղության պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ է, որպեսզի մենք գտնենք լուծում ԼՂ հիմնախնդրի։ Կան նաև բազմաթիվ այլ հարցեր՝ ապաշրջափակումը, սահմանազատումը և սահմանագծումը Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ բոլոր հացերի լուծումը գտնելով՝ խաղաղության պայմանագրի հիմքերը ստեղծենք և սրանով փորձենք առաջ գնալ»,-ասաց նա:
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media