Դատախազությունը Երեւանի քաղաքապետին առաջարկել է քննարկել Թաղման բյուրոյի ղեկավար կազմի պաշտոնանկության հարցը

20-01-2022 19:43:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Երեւանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում իրականացված ուսումնասիրությունների և դրանց արդյունքում սույն ՀՈԱԿ-ում հայտնաբերված խախտումների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել քաղաքապետարանին. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին առաջարկ է արվել ՀՈԱԿ-ի ղեկավար կազմի, աշխատակազմի անբարեխիղճ ներկայացուցիչների հետագա պաշտոնավարման հարցը քննարկելու վերաբերյալ:
 
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նկատելով, որ սույն անձինք իրենց աշխատանքում գտնվել են անբարեխիղճ, անփույթ եւ տարբեր կերպ առնչություն ունեցել կատարված խախտումների հետ:
 
Հիշեցնենք, որ դեռեւս 2020 թվականին, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, քաղաքապետարանն այս ՀՈԱԿ-ում իրականացրել էր ստուգումներ: Այդ ժամանակ եւս խախտումներ էին հայտնաբերվել: Սակայն, ինչպես տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից, դրանից հետո այդ խախտումները չեն վերացվել, նույնիսկ այն պարագայում, երբ տարբեր անձինք են ազատվել աշխատանքից:
 
Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ՝ ՀՈԱԿ-ում իրականացվող չարաշահումների վերաբերյալ ինչպես 2020 թվականին էին քրեական գործեր հարուցվել, այնպես էլ դրանից հետո բացահայտված նոր դեպքերի առթիվ: «Հենց այն պատճառով, որ այդ քրեական գործերը մեկ-երկուսը չեն, այլ բազմաթիվ: Ըստ էության՝ նույնաբնույթ խախտումներ են հայտնաբերվում, որոնք հանցավոր սխեմատիկ բնույթ են կրում»,- շեշտեց Աբրահամյանը:
 
Նրա փոխանցմամբ՝ առանձին գործեր կան, որտեղ համայնքին նյութական վնաս է պատճառվել: Քրեական գործերի շրջանակներում դրանց մի մասը վերականգնվել է:
 
«Վնասները սխեմատիկ բնույթի հանցագործությունների հետեւանք են, նպատակը պատճառները վերացնելն է: Սխեմատիկ բնույթի հանցանքներն այնքան արմատավորված են, որ նույնիսկ անձի գործոնից դուրս են: Անձերի փոփոխությունները չեն բերում իրավիճակի փոփոխության»,- նկատեց դատախազի խորհրդականը:
 
Նա նաեւ հայտնեց, որ Դատախազությունն առաջարկներ է արել՝ այդ խախտումները, դրանց նպաստող պայմանները վերացնելու համար: «Առաջարկները կրում են առարկայական բնույթ, դրանք ուղղված են ինչպես գերեզմանատներում հողահատկացումների ոլորտում իրականացվող չարաշահումների չեզոքացմանը, այնպես էլ այդ ամբողջ գործընթացի նկատմամբ վերահսկողության մեխանիզմների կատարելագործմանը»,- եզրափակեց Աբրահամյանը:
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media