Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ «կարմիր գիծն» ավելի է բարակում. Բանակցություններին զուգահեռ ավելացվում է ռազմական ներուժը

21-01-2022 10:48:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Հայաստանի Հանրապետություն օրաթերթ. Ժնեւում այսօր կկայանան Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի բանակցությունները։ Նախատեսվում է, որ կողմերը կքննարկեն «անվտանգության երաշխիքների մասին» փաստաթղթերը, ինչպես նաեւ կփորձեն «որոշակի դարձնել հնարավոր հետագա քայլերը» անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններում։
 
Իսկ մինչ այդ երկրները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու «կարմիր գծերը»։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ իրեն շատ է անհանգստացնում Ուկրաինայում ՆԱՏՕ-ի հնարավոր հակամարտության մեջ մտնելու հավանականությունը՝ հույս հայտնելով, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը գիտակցում է «լիամասշտաբ միջուկային պատերազմի» մոտալուտ լինելը։ «Ես շատ անհանգստացած եմ, որ սա կարող է վերածվել միակ պատերազմի, որն ավելի վատ է, քան միտումնավոր՝ ոչ միտումնավոր: Ես անհանգստացած եմ, որ դա կարող է շատ հեշտությամբ դուրս գալ վերահսկողությունից»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն չի ծրագրում զորք ուղարկել Ուկրաինա, նույնիսկ այն դեպքում, եթե ռուսական կողմը ներխուժի նրա տարածք։ Ռուս-ուկրաինական հավանական պատերազմին ուղղակիորեն չներգրավվելու պատճառն ըստ նրա այն է, որ Միացյալ Նահանգները չունի պայմանագրային պարտավորություններ Ուկրաինայի հանդեպ, իսկ Ռուսաստանի հետ պատերազմը մեծ արկածախնդրություն կլիներ՝ հաշվի առնելով տարածաշրջանում ապակայունացման ներուժը եւ միջուկային հարվածների չափազանց մեծ ռիսկը։
Ռուսական կողմը երկու երաշխիք է ուզում, մեկն այն է, որ Ուկրաինան երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին, իսկ մյուսը, որ ռազմավարական զենք չի տեղակայվի։ Եթե այս հարցում որեւէ զարգացում լինի, ապա ամերիկյան կողմն իր հերթին ակնկալում է պատասխան քայլեր «Ռուսաստանի եվրոպական մասում»։
 
Միաժամանակ Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը «երբեւէ չտեսնված պատժամիջոցներ» է պատրաստում Ռուսաստանի համար, եթե Ուկրաինայի շուրջ իրավիճակը սրվի։ Թե ինչու Միացյալ Նահանգները չի ցանկանում անմիջականորեն ներքաշվել հակամարտության մեջ Ռուսաստանի արեւմտյան ճակատում, կարելի է բացատրել այն հանգամանքով, որ Բայդենի վարչակազմը փորձում է կենտրոնանալ Չինաստանի վրա՝ որպես անվտանգության գլխավոր սպառնալիքի: Այդ իսկ պատճառով հիմնական ներուժն ու ժամանակը նախատեսվում է տրամադրել խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ակտիվություն ցուցաբերելու համար, ինչի վկայությունն էլ AUKUS-ն է։ Քաղաքական հայտարարություններին զուգահեռ կողմերը շարունակում են զարգացնել ռազմական եւ ռազմավարական հնարավորությունները՝ բանակցային գործընթացում շահեկան դիրքերից հանդես գալու համար։
 
Հունվարի 13-ին Նորվեգիայի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը ՌԴ Հյուսիսային նավատորմի հրամանատարությանը ծանուցել է «Cold Response- 2022» բազմազգ զորավարժությունների մասին, որոնք կանցկացվեն մարտ-ապրիլ ամիսներին։ Դրանք տեղի կունենան մի քանի փուլերով, որոնցից մի քանիսը կխաղարկվեն Նորվեգական ծովում, ինչպես նաեւ Նորվեգիայի հյուսիսային եւ կենտրոնական հատվածներում։ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունից հայտնել են, որ զորավարժություններին կմասնակցեն 28 պետությունների 35 հազար զինվորականներ, ինչպես նաեւ ամերիկյան «Հարի Թրումեն» ավիակիրը։ Ի տարբերություն ԱՄՆ ներկայացուցչության, Նորվեգիան Ռուսաստանին տեղեկացրել է 40 հազար զինվորականների զորավարժություններին ենթադրյալ մասնակցության մասին։ Բացի վերոնշյալ զորավարժություններից, բալթյան երկրներում եւ Լեհաստանում հունիսին նախատեսվում է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության տարվա ամենախոշոր զորավարժությունը՝ «Ramstein Legacy 2022»: Այս մեկին ներգրավված կլինեն շուրջ 5 հազար զինվորականներ 16 երկրից։ Չեխիան եւս հաստատել է իր մասնակցությունը եւ Լեհաստանի տարածք կտեղափոխի խորհրդային 2K12 «Կուբ» զենիթահրթիռային համալիրներով փոքրաթիվ անձնակազմ։
 
Հայտարարվել է նաեւ Շվեդիայի մասնակցությունը, որը հնարավոր է ներգրավվի անցյալ տարվա նոյեմբերին ստացած ամերիկյան «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգերով։ Ի պատասխան ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ուժեղացման, Ռուսաստանն ու Բելառուսը նախատեսում են համապատասխան քայլեր։ ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի ղեկավար Մարիա Զախարովան երեկ ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ փետրվարի 10-20-ն անցկացվելու են «Союзная решимость – 2022» զորավարժությունները. «Սա, ի վերջո, Միութենական պետության ընդհանուր սահմանն է, եւ, այդ առումով, Ռուսաստանն ու Բելառուսը ստիպված են համարժեք պատասխան տալ, այդ թվում՝ օդային տարածքի համատեղ պարեկության, կանոնավոր համատեղ վարժանքների, զորավարժությունների միջոցով եւ այլն»։ Բելառուսի տարածքում ռուս-բելառուսական համատեղ զորավարժությունն անհանգստացրել է Լիտվային, եւ երկրի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը կոչ է արել ԱՄՆ-ին լրացուցիչ զորքեր տեղակայել Արեւելյան Եվրոպայում։ Արեւմտյան դաշնակիցներին մտահոգում է, որ զորավարժություններն ընդամենը կարող են պատրվակ դառնալ Բելառուսում ռուսական զորքերի մշտական տեղակայման մեկնարկի համար, այդ թվում՝ ռուսական միջուկային զենքի։
 
Ամերիկյան «Politico» թերթը նախօրեին գրել էր, որ Էստոնիան, Լիտվան եւ Լատվիան թույլտվություն են խնդրել ԱՄՆ-ից՝ Ուկրաինային ամերիկյան արտադրության զենք մատակարարելու համար, այդ թվում՝ հակատանկային եւ հակաօդային համակարգեր։ Նշենք, որ պետդեպարտամենտն արդեն իր հավանությունը տվել է, եւ առաջիկա օրերին ԱՄՆ-ն կսկսի 200 միլիոն դոլար արժողությամբ օգնության փաթեթի շրջանակներում Ուկրաինայի զինված ուժերին հակատանկային հրթիռային համակարգերի, զինամթերքի եւ այլ զինատեսակների մատակարարումները։ Այդպիսով, անմիջական մասնակցության փոխարեն Միացյալ Նահանգները սահմանափակվում է ռազմական ներուժի ավելացման օգնությամբ։ Բազմաթիվ խնդիրներով եւ հակամարտություններով լի տարածաշրջանում ուժի ցուցադրումը կարող է անսպասելի կերպով վերածվել ակտիվ հակամարտության, որի վերջնարդյունքը որեւէ կողմ չի կարող կանխատեսել։
 
 
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media