Սահմանազատման գործընթացը սկսել օր առաջ. ինչո՞ւ են շտապում Երևանը, Բաքուն և Մոսկվան

21-01-2022 17:25:36   | Հայաստան  |  Մեկնաբանություն
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությունները նոր թափ են ստացել: Երկու երկրների արտաքին գերատեսչություններում և մեդիա տիրույթում խնդրի քննարկմանը հաջորդել է պաշտոնական Մոսկվայի արձագանքը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտարարել է, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացին զարկ տալը, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը առաջնահերթ խնդիր է: 
 
Մոսկվան կոչ է արել որքան հնարավոր է շուտ սկսել այդ գործընթացը:
 
«Հետևողական ջանքեր ենք գործադրում Հայաստանի և Ադրբդեջանի սահմանին տիրող իրավիճակը կարգավորելու համար, որտեղ, ցավոք, ժամանակ առ ժամանակ միջադեպեր են տեղի ունենում զենքի գործադրմամբ, կան մարդկային զոհեր: Անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ ձևավորել և գործարկել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովը: Պատրաստ ենք այս գործընթացում Երևանին և Բաքվին խորհրդատվական աջակցություն տրամադրել»,- նշվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:
 
Սահմանազատման թեման քննարկման առարկա է դարձել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով օգնական Միրոսլավ Էնչեյի հանդիպման ժամանակ: ՀԱՊԿ պաշտոնյան հայտարարել է, թե «Հարավային Կովկասում իրավիճակը հարաբերականորեն կայուն է մնում շնորհիվ Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք  բերված պայմանավորվածությունների» և շեշտել` իրավիճակի հետագա կարգավորման համար անհրաժեշտ է պրակտիկ աշխատանք պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման ուղղությամբ:
 
Դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացն օր առաջ սկսելու մասին հայտարարությամբ դեռևս երեկ` հունվարի 20-ին հանդես էր եկել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը: ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները սահմանազատումը սկսելու հարցում, նշել էր. 
«Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի, խոսքը պայմանավորվածությունների մասին է: Հայկական կողմի առաջարկները ոչ թե նախապայմանների, այլ ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին են: Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ օր առաջ պետք է սկսել սահմանազատման գործընթացը՝ համաձայն վերը նշված պայմանավորվածությունների»:
 
Եթե Հայաստանի իշխանությունը ցանկանում է օր առաջ ճշգրտել սահմանները Ադրբեջանի հետ, ապա ընդդիմությունը վտանգներ  է տեսնում իշխանության հապճեպ գործողություններում: Այսօր խորհրդարանում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ճեպազրույց է ունեցել և հայտարարել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման վերաբերյալ որոշումներ չպետք է ընդունվեն առանց իրավիճակը լիարժեք ուսումնասիրելու: 
 
Խմբակցության ղեկավարը շեշտել է՝ սահմանազատման և սահմանագծման խնդիրները լուծելու համար նախ հակառակորդ, թշնամի պետությունները պետք է վերածվեն հարևան պետությունների: «Պետք է ստեղծվի երկու հարևան պետությունների կառավարությունների խառը հանձնաժողով, և այդ հանձնաժողովները պետք է համապատասխան աշխատանք տանեն՝ այդ ճշգրտումներն իրականացնելու համար: Ադրբեջանը մեզ համար հիմա հարևա՞ն է՝  իր երկրի ղեկավարի ռազմական հռետորաբանությամբ, իր սադրանքներով, ռազմական փոքր լոկալ հարձակումներով ՀՀ սահմանում, էլ չեմ ասում Թուրքիայի ընդգրկվածությունն այդ հատվածում»,- ասել է Օհանյանը: 
 
Ինչ վերաբերում է այն հարցին, որ սահմանազատման գործընթաց սկսելուց առաջ Հայաստանն առաջարկում է զորքերի հայելային հետքաշում,  կարծիքները ևս բախվում են: Խորհրդարանական ընդդիմության պատկերացմամբ` դա անթույլատրելի է: «Ի՞նչ է նշանակում հայելային հետ քաշվել, որտե՞ղ` ամբողջ սահմանով մե՞կ, թե՞ այն հատվածում, որտեղ հակառակորդը մխրճվել է։ Եթե այն հատվածներում, որտեղ հակառակորդը մխրճվել է մեր հատված, ապա հակառակորդն ինքը պետք է միակողմանի հետ քաշվի և այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ պետք է իրականացնեն մերոնք»,- ճեպազրույցում հայտարարել է Սեյրան Օհանյանը:
 
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ հասկանալի ու նորմալ նախապայման է Հայաստանի առաջարկը, որովհետև միջազգային պրակտիկայում ընդունված է, որ եթե երկու պետություն պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ որևէ հարց լուծելու համար, ապա պետք է որ այդ երկու երկրի զինվորները չգտնվեն մեկը մյուսի սահմաններում: «Այլ հարց է, որ Բաքուն, այն հատվածները, որտեղ իր զորքերն են կանգնած, դիտարկում է ոչ հայկական սուվերեն տարածք: Լուծումը հետևյալն է. Հայաստանը, ինչպես ասացի, պետք է կարողանա պարտադրանքի միջոցներ ունենալ, որպեսզի ստիպի Բաքվին հարգել այն մոտեցումը, որն ունի Հայաստանը: Այսօր, սակայն, Հայաստանը չունի այդպիսի հնարավորություններ, ու լավ կլինի այդ գործընթացը ձգձգել»:
 
 
 


Նոյյան տապան   -   Մեկնաբանություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media