Լոռիում բոտուլիզմի դեպք է գրանցվել

21-01-2022 20:24:17   | Լոռու մարզ  |  Մամլո հաղորդագրություն
2022 թվականի հունվարի 21-ին Լոռու մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք՝ 1 տուժածով:
 
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնից հայտնում են, որ համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառ է հանդիսացել տնային պայմաններում պատրաստված խավիարը:
 
Այս պահին հիվանդը գտնվում է «Արմենիա» ԲԿ֊ում, վիճակը գնահատվում է միջին ծանրության:
 
Հիշեցնում ենք, որ բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել իր համը, հոտը, գույնը և տեսքը:
 
Հիվանդության ախտանշաններն են` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, գլխացավ, ցավեր որովայնի շրջանում, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), բերանի չորություն, կլման ակտի խանգարում: Հիվանդության ախտանշաններն ի հայտ են գալիս 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում:
 
Բոտուլիզմից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է.
 
-խուսափե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,
 
– տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,
 
– մի´ գնեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,
 
– առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´ք բժշկի:
 
Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը «Clostridium botulinum»-ն է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում և արտադրում են թույն: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և 120-130’C ջերմաստիճանի ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում, իսկ տնային պայմաններում հնարավոր չէ իրականացնել:
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media