Մոսկվան կկրկնի՞ Մարիուպոլի ճակատագիրը

23-04-2022 10:55:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Lragir.am. Արեւմտյան երկրների հետախուզությունները չեն բացառում Ուկրաինայում Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառումը, եթե Պուտինը չկարողանա կոնվենցիոնալ միջոցներով հասնել իր նպատակների իրագործմանը։ Միջուկային զենքի կիրառման հավանականության օգտին է խոսում նաեւ այն, որ Պուտինը, ռուսական պետական քարոզչությունը նահանջի տեղ այլեւս չեն թողել՝ ռուսական 80 տոկոս Z-ացված հանրությունը չի ների։
 
Արեւմուտքը Ուկրաինային սկսել է մատակարարել հեռահար եւ ծանր տեխնիկա, այդ թվում հարձակողական, եւ այդ մատակարարումները շարունակվելու են թե ծավալների, թե զենքի որակական նոր մակարդակների առումներով։ Արեւմուտքը հայտարարել է, որ թույլ չեն տալու Պուտինի հաղթանակն Ուկրաինայում։
 
Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն արձագանքել են Ռուսաստանի կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառմանը։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ այդ դեպքում իր երկիրը պատասխան համարժեք հարված է հասցնելու, չխորհրդակցելով ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ։ ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը զգուշացրել է Ռուսաստանին, որ այդ պարագայում պատասխանը լինելու է այնպիսին, որ Պուտինը չափազանց ծանր գին է վճարելու դրա համար։
 
Իր հերթին, Ուկրաինայի ռազմա-քաղաքական ղեկավարության հռետորաբանության մեջ հայտնվել են նոր երանգներ, կապված Ռուսաստանի տարածքում ռազմական օբյեկտների դեմ հնարավոր գործողությունների մասին, որտեղից հարձակումներ են իրականացվում Ուկրաինայի քաղաքների ու քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ Հեռահար զենքի մատակարարումները տալիս են այդ հնարավորությունը։ Ավելին, Կիեւին հարվածների դեպքում խոսվում է համարժեք պատասխանի մասին։
 
Ռուսական բանակի կողմից Ուկրաինայում ռազմական հանցագործությունների ողջ սպեկտրը, որը Ուկրաինայի Ռադան ճանաչել է որպես ցեղասպանություն, սպառնում է Ուկրաինայի գոյությանն ընդհանրապես։ Բնակչության բռնի արտագաղթեցումը, բռնությունները, թալանը, ուկրաինացի երեխաների հետ կապված աննկարագրելի անմարդկային գործողությունները վրեժի տրամադրություններ են գեներացնում ուկրաինացիների մոտ, նշում են փորձագետները։
 
Ուկրաինացիները հայեր չեն, որ առաջին իսկ հարվածից ընկնեն ողբի ու կապիտուլյանտության մեջ, ավելացնենք։
 
Ռուսական համացանցի քննարկումներում հարց են տալիս՝ Մոսկվան կարո՞ղ է կրկնել Մարիուպոլի ճակատագիրը, ընդհանուր եւ խորհրդասնշական իմաստով, իհարկե։
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media