Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանականները այցելել են Վանաձորում գործող ռուսական կենտրոն

23-04-2022 13:19:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի և ՀՀ Ազգային ժողովի անդամները այցելել են Վանաձորի ռուսական կենտրոն, որը բացվել է Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ։ 
 
Ռուսական կենտրոնում ներկայացված էր լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի և Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին: Կենտրոնի սաները հյուրերին ներկայացրեցին Վանաձորի պատմությունն ու կատարեցին երաժշտական ու պարային համարներ։
 
ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությունը Վանաձորում էր 34-րդ նիստի շրջանակներում։ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց կենտրոնի կրթական ծրագրերը՝ Հայաստանի տարբեր մարզերում գործող ռուսական կենտրոններն ու ռուսերենի անվճար դասընթացների նախագիծը։
 
«2019 թ․-ից մեր կենտրոնը  7-14 տարեկան երեխաների համար ռուսաց լեզվի անվճար ուսուցման ծրագիր է գործարկել Հայաստանի 28 քաղաքներում,  ինչպես նաև նախատեսում է ռուսական կենտրոններ բացել բոլոր մարզերում։  Նախագիծն ուղղված է ռուսաց լեզվի առաջխաղացմանը, Հայաստանում ռուսական մշակույթի տարածմանը  և երկու ժողովուրդների միջև մշակութային երկխոսությանը»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
 
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոնդարևը և  ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը կարևորեցին Հայաստանում ռուսաց լեզվի և մշակույթի զարգացումը՝ ռուսական կենտրոններին մաղթելով բեղմնավոր գործունեություն։
 
Պատվիրակության անդամները ռուսական կենտրոնին փոխանցեցին  գեղարվեստական գրականություն և ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացի մասնակիցներին հանձնեցին ավարտական վկայականներ։ 
 
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստն այս անգամ նվիրված է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, ինչպես նաև «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» պայմանագրի 25-ամյակին: 
 
 
 
 

Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media