Կարո Փայլանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան

23-04-2022 18:01:26   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը (քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունից, HDP)  Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի խորհրդարան Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ է  ներկայացրել:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է զետեղվել «Գանձասար» լրատվականի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:
 
Հաղորդագրության տեքստում ասվում է, որ օրինագիծը ենթադրում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սահմանել պատասխանատուներին, հանրային վայրերից հեռացնել ցեղասպանության մեղավորների անունները, այդ վայրերն անվանակոչել ցեղասպանությանն ընդդիմացած քաղաքացիական ծառայողների անուններով, տուժածներին և նրանց ընտանիքների անդամներին Թուրքիայի քաղաքացիություն շնորհել:
 
«Հայ ժողովրդի Մեծ Եղեռնն իրականացնելու վայրում՝ Թուրքիայի խորհրդարանում պետք է քննարկվի, անվանակոչվի և արդարություն հաստատվի: Եթե նման բան տեղի ունենա, այլևս կարևոր չի լինի, թե այլ երկրների ղեկավարներն ու խորհրդարաններն ինչ կասեն այդ հարցի մասին: Հայ ժողովրդի վերքը միայն թուրքական հասարակությունն է կարող ամոքել: Այս հողերում Հայոց ցեղասպանություն է իրականացվել է, և արդարությունն էլ միայն այստեղ՝ Թուրքիայում կարող է հաստատվել»,-ասվում է օրինագծում:
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media