Իրանը դեմ է արտահատվել ՀՀ տարածքով միջանցքին

23-04-2022 20:01:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Lragir.am-ի զրուցակիցն է իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը
 
Պարոն Շահմուրադյան, վերջերս Հայաստանն ու Իրանը քննարկել են տրանսպորտային ոլորտում հայ-իրանական համագործակցությունն ընդլայնելու, մասնավորապես, Հյուսիս-հարավ մայրուղու ՀՀ Սյունիքի մարզում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքներին իրանական ընկերությունների մասնակցության հարցը։ Իրանը շահագրգռվածություն է ցուցաբերում այս ճանապարհի հարցում, ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում։
 
Նկատի ունենալով տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխությունները, հատկապես Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա գործադրվող ճնշումը՝ «միջանցքը» բացելու նպատակով, Իրանը շահագրգռված է չեզոքացնել Թուրքիայի և Ադրբեջանի այդ հոխորտալից պահանջները, որոնք վնասում են Իրանի շահերը տարածաշրջանում։ Իրանը փորձում է Հայաստանի միջոցով դեպի Եվրոպա, դեպի Սև ծով ճանապարհ բացել։ Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվել են, Իրանի պաշտոնյաները, ճանապարհների և քաղաքաշինության նախարարությունը բավականաչափ հետաքրքրություն են ցուցաբերում։ Գիտենք, որ արդեն նախաձեռնել են Հյուսիս-հարավ այդ ճանապարհի մի հատվածի աշխատանքները, և իրանական ընկերությունները պատրաստ են ներդրում կատարել։ Հանդիպումներ են եղել Իրանում Հայաստանի դեսպանի հետ։ Այնպես որ, Իրանը իրոք հետաքրքրված է Հյուսիս-հարավ ճանապարհի նախագիծն ավարտին հասցնել՝ ելնելով իր շահերից։
 
Տարածաշրջանում կոմունիկացիաների բացման հարցով ի՞նչ զարգացումներ ու միտումներ կան, վերջերս Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ հնարավոր չի լինում համաձայնության գալ այս հարցի շուրջ։
 
Իրանը, ինչպես գիտեք, բազմավեկտոր քաղաքականություն է վարում տարածաշրջանում, հատկապես Կովկասյան տարածշրջանում։ Իրանը պատրաստ է Հայաստանի հետ համագործակցել Հյուսիս-հարավ ճանապարհի ծրագրի շուրջ, նաև միաժամանակ Ադրբեջանի հետ է պայմանագրեր ստորագրել արդեն։ Ադրբեջանն էլ մյուս կողմից է շահագրգռված այդ համագործակցությամբ, որպեսզի չեզոքացնի հայկական կողմի ջանքերը։ Իրանի համար կարևոր է, որ կարողանա դեպի Ռուսաստան ու ԵԱՏՄ շուկաներ ճանապարհներ բացել։ Իրանի միջուկային հարցով բանակցություններն արդեն փակուղում են, և Իրանը ձգտում է բոլոր հարևան երկրների հետ հարաբերությունները շարունակել, կարողանալ տնտեսական առումով ոտքի կանգնել։ Իսկ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ կոմունիկացիաների հարցը հնարավոր չի լինում ավարտին հասցնել, ինչ-որ չափով նաև չի բխում Իրանի շահերից։ Եվ Իրանն անվերջ հայտարարում է, որ կողմ է ճանապարհների բացմանը, և ինքը թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ պատրաստ է համագործակցել։ Իհարկե, շեշտում է, որ դա այնպես պետք է լինի, որ Իրանի շահերը չվտանգվեն։
 
Միաժամանակ, Իրանը դեմ է արտահատվել ՀՀ տարածքով միջանցքին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և բանակի ընդհանուր հրամանատարը վերջերս հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ դեմ են «միջանցքի» բացմանը։ Իրանին մտահոգում է Իսրայելի ազդեցության մեծացումը հատկապես Ադրբեջանում և Ղարաբաղի այն տարածքներում, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Գիտենք, որ իսրայելական ընկերությունները թաքուն պայմանագրեր են ստորագրել ադրբեջանական կողմի հետ՝ գրավյալ տարածքներում հատկապես գյուղատնտեսական ոլորտում ներդրումներ կատարելու համար։ Դա մտահոգում է Իրանին, Իրանը չի հանդուրժի, որ իսրայելյան ընկերությունները գան ու ներդրում կատարեն տարածաշրջանում՝ Իրանի հյուսիսային տարածքում։ Դա անմիջականորեն սպառնում է Իրանի ազգային անվտանգությանը։ Իրանի պետական, զինվորական պաշտոնյաները, կորպուսը Ադրբեջանին նկատողություն են արել, որ չեն հանդուրժի դա։ Իրանը, այո, կտրուկ հայտարարել է, որ դեմ է այդ «միջանցքին», եթե վտանգվեն Իրանի ազգային և տնտեսական շահերը Կովկասյան տարածաշրջանում։ Իրանն ինքը ձգտում է ներկայություն ունենալ այս տարածաշրջանում՝ չեզաքցնելու սադրանքները Իրանի դեմ։
 
Ստեղծված բարդ իրավիճակում Հայաստանի քայլերը որո՞նք պետք է լինեն՝ անվտանգային և մյուս հարցերում։
 
Հայաստանն անկասկած պետք է փորձի իր հարաբերությունները սերտացնել Իրանի հետ։ Պետք է փորձել տնտեսական, անվտանգության ոլորտներում նոր պայմանագրեր կնքել Իրանի հետ, իրանական ընկերություններին հրավիրել Հայաստան՝ ներդրումներ կատարելու։ Տնտեսական ոլորտում համագործակցությունն ամենակարևոր հարցերից մեկն է՝ թե տնտեսական անվտանգությունը բարձրացնելու, թե Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից թուլացնելու համար։ Նաև էներգետիկ ոլորտում պետք է համագործակցությունն ընդլայնել, որովհետև Իրանը փորձում է էներգակիրներ արտահանել Եվրոպա։ Հայաստանը կարող է միջնորդի դեր խաղալ Իրանի և Արևմուտքի միջև գոնե տնտեսական հարաբերությունները բնականոն հունի մեջ մտցնելու համար։ Իմ կարծիքով՝ այդ իմաստով Հայաստանը շատ թույլ է վարվել մինչ այժմ, այնպես որ, պետք է Իրանի հետ տնտեսական, քաղաքական, նույնիսկ անվտանգության ոլորտներում հարաբերությունները ամրապնդել։
 
ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media