Գերմանացի գործչի խոսքով՝ Գերմանիան ճնշում է գործադրում Թուրքիայի վրա Հայոց ցեղասպանության հարցով

26-04-2022 10:27:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Գերմանիան ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, որպեսզի թուրքական իշխանությունները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, գերմանական Յենա քաղաքի նախկին քաղաքապետ (2006-2018 թթ.) Ալբրեխտ Շրյոտերը:
 
Շրյոտերի տեղեկություններով՝ գերմանացի և թուրք քաղաքական գործիչների միջև յուրաքանչյուր միջոցառման կամ հանդիպման ժամանակ գերմանական կողմը բարձրացնում է Հայոց ցեղասպանության հարցը: Գերմանացի գործիչը կարծում է, որ Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ Գերմանիայի գործադրած ջանքերը կնպաստեն Թուրքիայի կողմից ցեղասպանության ընդունմանը:
 
Յենայի նախկին քաղաքապետին հուսադրում է նաև այն փաստը, որ գնալով աճում է այն թուրք գիտնականների, գրողների, արվեստագետների, հասարակական գործիչների թիվը, ովքեր սկսել են հետաքրքրվել Հայոց ցեղասպանության պատմությամբ և դրան առնչվող փաստերով:
 
«Մենք պետք է աջակցենք այս մարդկանց Թուրքիայում, ուստի ես կարծում եմ՝ Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կարող է լինել շարժում ներքևից՝ ստիպելու կառավարության ճանաչել հայերի ցեղասպանությունը», - նշեց գերմանացի գործիչը:
 
Ալբրեխտ Շրյոտերը երկրորդ անգամ է այցելում Հայաստան: 2016 թվականին, երբ Հայաստանի Հանրապետությունը տոնում էր իր անկախության 25-ամյակը, նա Երևան էր բերել Յենայի Ֆիլհարմոնիկ նվագախմբին՝ համերգ տալու Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
 
Այս անգամ Շրյոտերը եկել է մասնակցելու Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներին: Ապրիլի 24-ին նա բարձրացել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ասում է, որ իր համար դա շատ կարևոր է, քանի որ որպես գերմանացի ինքը մեղավորություն է զգում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի զանգվածային կոտորածներին Գերմանիայի մեղսակցության համար: Ալբրեխտ Շրյոտերը շեշտում է գերմանացիների կողմից այդ մեղքի գիտակցումն ու ընդունումը նույնիսկ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո:
 
«Ինչպես գիտեք՝ Գերմանիան այն ժամանակ Օսմանյան կայսրության դաշնակիցն էր: Դա սարսափելի մեղք է: Ես սրտի մեծ ցավով եմ վերաբերվում դրան եւ կարծում եմ, որ մենք՝ գերմանացիներս, պետք է ընդունենք այդ մեղքը: Ուստի ինձ համար սա ուխտագնացության պես մի բան է՝ խորհելու իմ ժողովրդի այդ մեղսակցության մասին», - բացատրեց գերմանացի գործիչը:
 
Գերմանիայի Բունդեսթագը՝ դաշնային խորհրդարանը, Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը ընդունել է 2016 թվականի հունիսի 2-ին:
 
1915-1923 թթ. երիտթուրքական կառավարությունը, այնուհետև նրանց փոխարինած քեմալականները սիստեմատիկ կերպով սպանել և բնաջնջել են Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում եւ Օսմանյան կայսրության այլ հայաբնակ վայրերում ապրող մոտ մեկուկես միլիոն հայ: Հայության մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ է եղել, կա՛մ մազապուրծ լինելով երիտթուրքերի և նրանց դաշնակից ուժերի վայրագություններից՝ ապաստան է գտել աշխարհի տարբեր երկրներում:
 
Մարդկության դեմ իրականացված այս ծանրագույն հանցագործությունը անվանում են Հայոց ցեղասպանություն: Անատոլիայում ապրող հայերի և քրիստոնյա այլ ժողովուրդների ֆիզիկական բնաջնջման և էթնիկ զտումների միջոցով երիտթուրքերը նպատակ էին դրել կյանքի կոչելու պանթուրքիզմի գաղափարախոսությունը եւ ձևավորվող թուրքական պետության տարածքում ստեղծելու էթնիկապես միատարր բնակչություն:
 
Ցեղասպանության հետևանքով հայ ժողովուրդը զգալի մասը հայրենազրկվեց և փրկություն գտավ աշխարհի տարբեր անկյուններում: Սակայն ի հեճուկս Թալեաթի, Էնվերի, Ջեմալի և ցեղասպանության մյուս կազմակերպիչների՝ հայ ժողովրդի ամբողջական բնաջնջման ծրագիրը ձախողվեց և աշխարհը չմոռացավ այդ մեծ ոճրի մասին: Այսօրվա դրությամբ աշխարհի 35 երկիր պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Նրանց թվում՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Գերմանիան, Իտալիան, Հունաստանը, Կանադան, Շվեյցարիան, Բրազիլիան:
 
Արամ Սարգսյան
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media