Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

26-04-2022 14:48:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
Ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Լյուսի Իսկանյանի գլխավորած պատվիրակությանը:
 
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է բարեկամ Սիրիայի հետ  պատմական եղբայրությունը եւ բազմաբեւեռ կապերի առկայությունը՝ ընդգծելով սիրիահայ համայնքի գործուն դերակատարումը:
 
Անդրադառնալով Սիրիայի խորհդարանում հայազգի պատգամավորների ներկայությանը՝  Ալեն Սիմոնյանը ողջունել է նրանց ընդգրկվածությունը նաեւ Հայաստանի հետ բարեկամական խմբում:
 
Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ՀՀ ԱԺ նախագահին է փոխանցել Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Համուդահ Սաբբաղի ուղերձը, որը վերահաստատում  է խորհրդարանների միջեւ ձեւավորված փոխվստահությունն ու համագործակցությունը:
 
Կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ Սիրիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին՝ այս համատեքստում շեշտելով երկու երկրների խորհրդարանների համատեղ ծրագրերի կյանքի կոչումը: Փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման գործում երկուստեք արձանագրվել  է միջխորհրդարանական համագործակցությունը:
 
Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանում տիրող իրավիճակին, հետպատերազմյան Արցախին, ինչպես նաեւ Սիրիայում հայ խաղաղապահների իրականացրած առաքելությանը:
 
Հանդիպման ավարտին սիրիացի գործընկերները հիշել են իրենց երկրում տարածված ժողովրդական ճշմարտությունը, որ հավատարմությանը հավատարմությամբ են պատասխանում՝ ընդգծելով, որ այն ի հայտ է եկել հայերի եւ սիրիացիների խաղաղասիրության եւ փոխվստահության արդյունքում: 
 
 
 
 

Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media