Հայաստանը և ՆԱՏՕ-ն կվերադառնա՞ն ծրագրին
27-04-2022 10:37:01 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
27-04-2022 10:37:01 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Lragir.am. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային։ Հայաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը հատկապես խաղաղապահ առաքելությունների շրջանակներում և շահագրգռված է դրա խորացմամբ, ասել է Փաշինյանը։ Նա նշել է, որ իրավիճակը տարածաշրջանում լարված է, և Հայաստանն անհրաժեշտ է համարում միջազգային գործընկերների աջակցությունը։
Խավիեր Կոլոմինան Հայաստանի վարչապետին է փոխանցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ողջույնները։
Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է օգնել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմանը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։
Կընդունվի՞ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների նոր ծրագիր: Առաջին նման ծրագիրն ընդունվել է 2005 թվականին, վերջինը՝ 6-րդ Գործողությունների ծրագիրը, ստորագրվել է 2017 թվականին։ Այդ ժամանակից ի վեր Գործողությունների ծրագիրը չի թարմացվել:
Փաշինյանի կառավարությունը գրեթե դադարեցրել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, Հայաստանը դադարել է մասնակցել անգամ հարեւան Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին։
Ինչ վերաբերում է խաղաղապահ գործողություններին, Հայաստանը նվազեցրել է իր մասնակցությունը։ «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում մենք գնացինք Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությունն իրականացնող ազգային խաղաղապահ կոնտինգենտի թվի զգալի կրճատման (121-ից 58 զինվորական), ինչպես նաև Կոսովոյում (40-ից 2 զինվորականի)», 2021 թվականի փետրվարին ասել էր պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։
2022 թվականի մարտի 17-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այցելել է Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, որտեղ քննարկել է նաև արցախյան հիմնահարցը։ Դրանից հետո՝ ապրիլի 6-ին, Բրյուսելում տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև հանդիպումը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ։ Մի քանի օր անց Փաշինյանը մեկնեց Մոսկվա, որտեղ հայտարարեց «եռակողմ պայմանավորվածություններին» իր հավատարմության մասին։ Իսկ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, որ «Բրյուսելը փորձում է յուրացնել Հարավային Կովկասի կարգավորումը»։
Փաշինյանը երեկ ՆԱՏՕ-ի ներկայացուցչին հիշեցրեց այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել «միջազգային գործընկերների միջնորդությամբ կայացած հանդիպումների արդյունքում»։
Նոյյան տապան
- Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից