Մենք դեմ ենք իրավիճակը սրող միակողմանի քայլերին հատկապես Ադրբեջանի կողմից. Բլինքեն

27-04-2022 12:56:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեղադրել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցով իրադրությունը սրող քայլերի մեջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարցերի հանձնաժողովի նիստում, ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը  հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը, սակայն դեմ է այդ կապակցությամբ միակողմանի քայլերին:
 
«Ես բավական ակտիվ և անմիջական փոխգործակցություն եմ հաստատել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարության հետ: Մասնավորապես, մեկ շաբաթ առաջ հեռախոսով զրուցել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարների հետ և փորձում եմ օգնել ու խթանել Ղարաբաղի հարցի երկարատև քաղաքական կարգավորմանը», - ասել է Բլինքենը:
 
Նրա խոսքով ՝ Վաշինգտոնն այդ կապակցությամբ մշակում եւ առաջ է տանում վստահության ամրապնդման տարբեր միջոցներ:
 
«Մենք դեմ ենք իրավիճակն ապակայունացնող միակողմանի բոլոր գործողություններին՝ հատկապես Ադրբեջանի կողմից», - ասել է Էնթոնի Բլինքենը:
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media