Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնութիւնն ու բարեմաղթանքները փոխանցեց նորընծայ սարկաւագներին

26-10-2021 15:50:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
Հոկտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սոյն թուականի հոկտեմբերի 10-ին Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ մայր եկեղեցում սարկաւագական ձեռնադրութեան արժանացած Գեւորգեան հոգեւոր ճեմարանի Զ լսարանի 25 սաներին` ուղեկցութեամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանի եւ Գեւորգեան հոգեւոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Շահէ ծայրագոյն վարդապետ Անանեանի: 
 
Հանդիպմանը Մուշեղ Սրբազանը Նորին Սրբութեանը ներկայացրեց նորընծայ սարկաւագներին` վստահեցնելով, որ նրանցից իւրաքանչիւրը  լիովին գիտակցում է իր կոչման կարեւորութիւնն ու  առաքելութիւնը: 
 
Այնուհետեւ Ամենայեան Հայոց Կաթողիկոսն իր օրհնութիւնն ու բարեմաղթանքները փոխանցեց ճեմարանականներին` շնորհաւորելով սարկաւագ ձեռնադրուելու կապակցութեամբ: Նորին Սրբութիւնը նորընծայ սարկաւագներին պատգամեց մշտապէս հաւատարիմ մնալ իրենց ուխտին, ամէնուր եւ ամենժամ նուիրեալ ծառայութիւն իրականացնել Հայ Եկեղեցու անդաստանում, կեանքի տարբեր իրավիճակներում դրսեւորել Սուրբ Ստեփանոս Նախասարկաւագի նախանձախնդրութիւնն ու զոհողութեան ոգին: 
 
Հայոց Հովուապետը յորդորեց ճեմարանական սարկաւագներին իրենց վարքագծով եւ անձնուէր ծառայասիրութեամբ յաւելել Հայոց Եկեղեցու եւ Հայրենիքի պատիւն ու համբաւը` ընդօրինակելով արցախեան 44-օրեայ պատերազմի ընթացքում անսակարկ եւ աննահանջ ծառայութիւնն իրականացրած եկեղեցականների նուիրումն ու ինքնազոհողութեան բարձր գիտակցումը: 
 
Իր հերթին ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Շահէ ծայրագոյն վարդապետ Անանեանը երախտագիտութիւն յայտնեց Վեհափառ Հայրապետին  հոգեւոր բարձրագոյն հաստատութեան նկատմամբ ցուցաբերուող հայրական հոգածութեան եւ ուշադրութեան համար:
 
Վերջում Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղօթքով օրհնեց սարկաւագներին` ընծայելով նրանց ժամագրքեր:
 
 
 
 
 

  -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան





Բոլոր երկրները |



Developed by IT Media