Արցախցին այսօր ունի իր առաքելությունը չգիտակցող անկարող իշխանություն

28-11-2020 14:50:13   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն
Հայաստանի ղեկավարության կողմից պարտության վերջնագիրը ստորագրելուց հետո Արցախը հայտնվել է անորոշության հորձանուտում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
 
«Չնայած մարտական գործողությունների պատճառով ժամանակավորապես իրենց մշտական բնակության վայրերը թողած արցախցիներն աստիճանաբար վերադառնում են հայրենի օջախներ, բայցևայնպես, շատերի մոտ իշխողը հուսահատությունն է և իր հարկի ներքո ապրելու թերահավատությունը: Առավել ծանր է այն մարդկանց վիճակը, որոնց տներն ու տարիներով վաստակած սեփականությունը գտնվում են թշնամական ուժերի վերահսկողության տակ:
 
Նկատելի է նաև Արցախի ներքին ու արտաքին ճանապահային ենթակառուցվածքների ուղղությամբ ադրբեջանական գրոհայինների կողմից իրականցվող սադրանքների աճը, որն օրինաչափորեն իր բացասական ազդեցությունն է թողնում մարդկանց, առանց այդ էլ՝ ծանր հոգեվիճակի վրա: Այս ամենին գումարվում է հանրապետությունում տիրող փաստացի անիշխանությունը, որի պայմաններում հայ բնակչությունն օրեցօր կորցնում է ապագայի հանդեպ լավատեսությունը: Ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիները որքանով սակավ, այնքանով դժվար են:
 
Շարքային քաղաքացու գլխավոր հույսն այսօրվա դրությամբ ոչ թե հայրենական իշխանությունն է, այլ որքան էլ տարօրինակ թվա՝ ռուս զինվորը: Իսկ սա արդեն ողբերգություն է… Ողբերգություն է ոչ թե նրա համար, որ արցախահայությունը չի վստահում իր ավանդական դաշնակցին, այլև հատկապես այն պատճառով, որ այսօր նա ունի իր առաքելությունը չգիտակցող անկարող իշխանություն»:
 


Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media