ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «Քայլ դեպի տուն» ծրագիրը

18-03-2021 14:08:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
Սփյուռքահայ պատանիները հնարավորություն կստանան երկշաբաթյա ամառային ծրագրով ամրապնդել իրենց ազգային ինքնությունը
 
 ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկել է «Քայլ դեպի տուն» 2021 երկշաբաթյա ծրագիրը, որը հնարավորություն է տալիս սփյուռքի 13-18 տարեկան պատանիներին զարգացնել և ամրապնդել իրրենց ազգային ինքնությունն ու ավելի լավ ճանաչել հայրենիքը:
 
Ճամբարային ծրագիրը կմեկնարկի հունիսի 21-ին և 4 փուլով կընթանա մինչ օգոստոսի 14-ը աշխարհի տարբեր ծայրերից եկած սփյուռքահայ 200 պատանիների համար: Յուրաքանչյուր փուլ հագեցած կլինի հետաքրքիր միջոցառումներով, ներառյալ՝ արևելահայերենի և արևմտահայերենի դասընթացներ, այցելություններ Հայաստանի պատմական, մշակութային, կրթական հաստատություններ, գյուղական համայնքներ և այլն:
 
Հայտադիմումները բաց են այն սփյուռքահայ պատանիների համար, ովքեր չեն հանդիսանում ՀՀ քաղաքացիներ (բացառությամբ՝ երկքաղաքացիություն ունեցողների) և նախորդ տարիներին չեն մասնակցել «Արի տուն» և «Քայլ դեպի տուն» ծրագրերին: Ծրագրին միանալ ցանկացողները իրենց նախընտրելի փուլին մասնակցելու համար պետք է շտապեն ավելի վաղ լրացնել հայտադիմումը: Հայաստանում 14-օրյա կացության բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը, ներառյալ՝ ճամբարը, սենյակը, սնունդը, այցելությունները և այլն: Մասնակիցներն իրենց հաշվին հոգալու են Հայաստան ժամանման և մեկնման տրանսպորտային ծախսերը, ինչպես նաև իրենց հաշվին ձեռք են բերելու երկշաբաթյա տուրիստական ապահովագրություն:
 
Մասնակցության հայտ կարելի է ներկայացնել  յուրաքանչյուր փուլի մեկնարկից մինչև մեկ շաբաթ առաջ:
 
Եթե ցանկանում եք դիմել «Քայլ դեպի տուն» ծրագրին, խնդրում ենք լրացնել հայտադիմումն այստեղ: Ցանկացած հարցի պարագայում ազատ եղեք կապ հաստատել [email protected] էլ. հասցեով կամ զանգահարել +374 10 515-517 հեռախոսահամարով:
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media