Մոտեցումը, թե պետք է Ռուսաստանին մերժել և մեր անվտանգության երաշխավոր ճանաչել ԱՄՆ-ին, տրամաբանական չէ. Հմայակ Հովհաննիսյան



04-05-2021 17:35:45   | Հայաստան  |  Քաղաքական
Բոլորն այսօր խոսում են այն մասին, որ ԱՄՆ նախագահ Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, այո', դա ուրախալի է, բայց դա մեզ ի՞նչ է տալու. մենք պետք է մեր կողմից քայլեր անենք, որ կապիտալիզացնենք այդ ուղերձը: Այս մասին «Նոյյան Տապան»-ի  «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց Քաղաքագետների միության նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հմայակ Հովհաննիսյանը: 
 
Ըստ նրա` Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումը մեզ համար ստեղծում է հնարավորությունների լուֆթ, և առաջին հերթին մենք ինքներս պետք է միս ու արյուն հաղորդենք այդ որոշմանը: 
 
«Դա պետք է նաև ամրագրված լինի մեր ազգային անվտանգության ռազմավարությունում: Պետք է ընդունվի ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարություն ` հաշվի առնելով այն, որ մինչև պատերազմն ընդունված ռազմավարությունն իրեն մեղմ ասած չարդարացրեց: Նոր ռազմավարության մեջ պետք է ամրագրվի, որ այն երկրները, որ ճանաչել ու դատապարտել են հայերի Ցեղապսանությունը Օսմանյան Թուրքիայի կողմից պետք է ճանաչվեն մեր ռազմավարական գործընկերներ: Դա մեզ համար հնավարություններ կստեղծի այդ երկրների հետ բանակցություններ ստեղծել: Առաջին հերթին խոսքը գնում է այն երկրների մասին, որտեղ կան հայաշատ համայնքներ»,- ասաց քաղաքագետը:
 
Ըստ Հմայակ Հովհաննիսյանի` այն մոտեցումը, թե օրինակ պետք է Ռուսաստանին մերժել և մեր անվտանգության երաշխավոր ճանաչել ԱՄՆ-ին, տրամաբանական չէ, հիմավորումներ չունի և խոցելի է: Նա առաջարկում է շարունակել մնալ ՌԴ դաշնակիցը, սակայն չսահմանափակվել դրանով և դաշնակցային հարաբերություններ ստեղծել Հայոց ցեղասպանությունը ճանաչած մյուս պետությունների հետ: 
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media