Անհապաղ սկսել Հայաստանի Հանրապետության անվտանգության նոր հայեցակարգի մշակման գործընթաց՝ բացառելով ՀԱՊԿ-ին ՀՀ-ի անդամակցության գործոնը
03-08-2021 13:06:39 | |
03-08-2021 13:06:39 | |
Հայտարարություն․
44-օրյա պատերազմը և դրան հետևած սահմանային թեժ լարումներն ապացուցում են, որ ՀԱՊԿ-ը արհեստական պատճառաբանումներով խուսափել և խուսափելու է կատարել իր պարտավորությունները: Այսինքն՝ ՀՀ-ն ստիպված է իր անվտանգության համատեքստում բացառել ՀԱՊԿ-ի դրական գործոն լինելը:
Ավելին՝ մեր երկրի համար միանգամայն ավելորդ այդ կառույցը լուրջ խոչընդոտ է անվտանգային այլ կառույցի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, մասնավորապես ԱՄՆ-ից և Ֆրանսիայից, շոշափելի աջակցության ստացման ճանապարհին, մինչդեռ այդպիսի աջակցության միջոցով է հնարավոր մեր բանակը դարձնել 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու ունակ:
Ըստ այսմ՝ ՀՀ Կառավարությանը հաստատակամորեն հորդորում ենք.
1. ՀԱՊԿ-ում ՀՀ առաջիկա նախագահության ընթացքում ամենայն հստակությամբ փաստաթղթավորված պարզաբանում պահանջել 2020թ. պատերազմի և ՀՀ սահմաններ ադրբեջանական ներխուժումների ու զավթումների ընթացքում ՀԱՊԿ անգործության և պարտավորությունների չկատարման պատճառների մասին:
2. ՀԱՊԿ նախագահության ընթացքում պահանջել և հասնել գրավոր համաձայնագրի անհապաղ ստորագրման առ այն, որ ՀԱՊԿ անդամ երկրները պարտավոր են իսպառ դադարեցնել Ադրբեջանին և Թուրքիային զենքի և ռազմական նշանակության որևէ արտադրանքի վաճառքը, արբանյակային ծառայությունների մատուցումը:
3. Առաջին և երկրորդ կետերի ամբողջական չբավարարման պարագայում՝ անհապաղ սկսել ՀԱՊԿ-ից դուրս գալու՝ ընթացակարգով նախատեսված պաշտոնական արագացված գործընթաց:
4. Անհապաղ սկսել Հայաստանի Հանրապետության անվտանգության նոր հայեցակարգի (դոկտրինի) մշակման գործընթաց՝ բացառելով ՀԱՊԿ-ին ՀՀ-ի անդամակցության գործոնը:
Միքայէլ Հայրապետեան «ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»
Տիգրան Խզմալյան «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»
Դավիթ Սանասարյան «ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից