Հոկտեմբերի 1-ին ընդառաջ թեստավորվելու համար լաբորատորիաները ավելի ցածր գին են առաջարկում

23-09-2021 10:53:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Հայկական ժամանակ. Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 1-ից աշխատանքի գնալիս քաղաքացիները պետք է ներկայացնեն «ՔՈՎԻԴ-19» թեստի բացասական պատասխան, պատվաստումը հաստատող փաստաթուղթ կամ եթե ունեն հակացուցումներ պատվաստվելու դեմ, բժշկի կողմից տրամադրված տեղեկանք:
 
Այս ամենին զուգահեռ քովիդի որոշ լաբորատորիաներ թեստ հանձնելու իրենց գնային քաղաքականության մեջ որոշակի փոփոխություններ են կատարել: Օրինակ՝ «Պրոմ թեստ» լաբորատորիան բոլոր ոլորտների աշխատակիցներին առաջարկում է կորպորատիվ փաթեթներ: Գնային փոփոխությունը, սակայն, կախված է և՛ ոլորտից, և՛ քանակից, բայց թե 15 հազար դրամից որքանը կզեղչվի տարբեր կազմակերպությունների համար, լաբորատորիայի աշխատակազմի ղեկավար Սևադա Գինոյանը մեզ հետ զրույցում ասաց՝ չի կարող մանրամասնել:
 
Կորպորատիվ զեղչի փաթեթ է առաջարկում նաև «Դիագեն պլյուս» լաբորատորիան, բայց այլ մանրամասներ այստեղից հրաժարվեցին մեզ ասել:
 
«Ցիտո» լաբորատորիան էլ, օրինակ, պատվաստվել ցանկացող տարբեր ոլորտների աշխատակիցների համար տարբեր գնային քաղաքականություն է մշակել: Մինչև 100 աշխատակիցների թեստ հանձնելու համար լաբորատորիան սահմանել է 10 հազար դրամ, 100-ից ավելիի դեպքում՝ 8 հազար: Կան նաև անհատական փաթեթներ փոքր խմբերի համար. երկու անգամ այցելելու դեպքում 20 հազար է սահմանվել, 4 անգամի դեպքում՝ 35 հազար:
 
Կան նաև լաբորատորիաներ, որոնք չունեն կորպորատիվ փաթեթներ: «Նորմեդ» լաբորատորիայի աշխատակիցը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրենց մոտ փաթեթներ չկան, սակայն թեստ հանձնելու գինը 12 հազար դրամ է:
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media