2022 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է.հարյուրավոր մարդիկ ամբողջ աշխարհից առաջադրել են 592 եզակի թեկնածուի

01-11-2021 14:18:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
Նոյեմբերի 1, 2021 թ., Երեւան, Հայաստան. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն «Ավրորա» համաշխարհային մարդասիրական յոթերորդ մրցանակի առաջադրումների փուլը հայտարարում է փակված: Առաջադրումների մեկնարկը տրվել էր 2021 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը: Այդ նույն օրը հայտարարվել էին 2021 թ. «Ավրորայի» հինգ հերոսները, որոնց ընտրել էր «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը՝ նրանց ցուցաբերած խիզախության, նվիրվածության եւ ունեցած ազդեցության համար:  2022 թ. «Ավրորա» մրցանակի համար ստացվել է 633 առաջադրում 62 երկրներից՝ ներառյալ ԱՄՆ, Բրազիլիա, Հայաստան, Հնդկաստան, Նիգերիա, Չեխիա, Պակիստան, Ռուանդա, Վրաստան եւ Ուկրաինա: 
 
«Որպես մեկը, որը նոր է արժանացել «Ավրորա» մրցանակի դափնեկրի կոչմանը, անչափ ուրախ եմ իմանալու, որ այս տարի այսքան արժանի թեկնածուներ են առաջադրվել: Մրցանակն արտացոլում է բարության շղթան, որը խաղաղության, համերաշխության եւ աջակցության  ուղերձ է հղում աշխարհին եւ, որ ամենակարեւորն է, բոլոր այն մարդկանց, որոնք օրնիբուն աշխատում են: Եվ այժմ  նրանք հնարավորություն ունեն դառնալու 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր եւ ավելի մեծ փոփոխություն իրականացնելու աշխարհում»,- ասաց 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության եւ զարգացման» կազմակերպության (SOFEPADI) եւ Կոնգոյացի կանանց հիմնադրամի (FFC) համահիմնադիր Ջուլիեն Լուսենգեն, որն իր խիզախ գործունեության համար վերջերս ճանաչման արժանացավ «Ավրորայի» միջոցառումների ժամանակ Վենետիկում: 
 
Յուրաքանչյուր առաջադրում այժմ մանրակրկիտ կուսումնասիրի Փորձագետների խորհուրդը: Նրանք կկազմեն այն հավակնորդների վերջնացուցակը, որոնք դրսեւորել են բացառիկ խիզախություն ու նվիրում եւ մեծ ազդեցություն են թողել՝ փրկելով մարդկանց: Այնուհետեւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը կդիտարկի հայտերը եւ կընտրի 2022 թ. «Ավրորայի» հերոսներին, ապա՝ «Ավրորա» մրցանակի դափնեկրին: 
 
«Չնայած այն սարսափելի մարտահրավերներին, որոնց բախվել է աշխարհն անցած մեկուկես տարում, 2022 թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների նման անհատներն իրենց իրականացրած անձնազոհ եւ խիզախ աշխատանքով դառնում են ներշնչանքի աղբյուր: Ընտրող հանձնաժողովի իմ ընկերների հետ մենք միշտ բուռն քննարկում ենք ունենում «Ավրորայի» հերոսներին եւ, ի վերջո, դափնեկրին ընտրելիս՝ փորձելով տարբերակել գնահատանքի արժանի բարության, տոկունության եւ գթասրտության այդքան շատ օրինակները: Ինչեւէ, այդ գործընթացը նաեւ մեծագույն բավարարվածություն է պատճառում եւ մեծ առավելություն, որ կարող ես լույս սփռել անհավանական, մարդկանց կյանքը փոխող ջանքերի վրա»,- նշեց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին:
 
2022 թ. «Ավրորայի» հերոսների անունները կհայտարարվեն 2022 թ. ապրիլի 24-ին։ Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների,  «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը յոթերորդ անգամ կշնորհվի 2022 թվականին: 
 
Լուսանկարը՝ Երեխան Wawa Mum փաթեթով՝ տեղական արտադրության սննդամքերթ, որը նախատեսված է փոքր երեխաների սննդային կարիքների համար: Պակիստան, Կարաչի, 2011 թ. հունվար, ՊՀԾ/Ամջադ Ջամալ
 
* * *
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին
 
«Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Նախաձեռնությունն ունի հայկական պատմական արմատներ, քանի որ այն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտելով վերափոխել այս փորձառությունը համաշխարհային շարժման: 
 
«Ավրորայի» ողջ գործունեությունը խարսխված է համամարդկային՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի վրա: Սա նշանակում է, որ աշխարհում անհամար մարդիկ, որոնք օգնություն են ստացել ճգնաժամի պահին, իրենց երախտագիտությունը լավագույնս կարող են արտահայտել՝ նույնպիսի աջակցություն տրամադրելով մեկ ուրիշի: Ներգրավելով «Ավրորայի» աջակիցներին աշխարհով մեկ` նախաձեռնությունը կվերածվի  համաշխարհային  շարժման եւ «ձնագնդի» ազդեցությամբ կընդլայնի  փրկողների  շրջանակը, եւ ամենակարեւորը՝ կմեծանա փրկվածների թիվը:
 
Դիմագրավելով մարդասիրական հրատապ մարտահրավերներին՝ նախաձեռնությունը երկրորդ հնարավորություն է ընձեռում նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը: Հավատարիմ իր տեսլականին. «Մենք հավատում ենք, որ պատմության ամենադժվարին պահերին անգամ լուսավոր ապագան այն մարդկանց ձեռքերում է, որոնք օգնում են եւ հույս պարգեւում այլոց»՝ «Ավրորան» ողջունում է բոլոր նրանց, ովքեր ընդունում են այս գաղափարախոսությունը:  
 
Այս հանձնառության նպատակն է խթանել գործողությունների վրա հիմնված բարեգործությանը, որը կբերի շոշափելի արդյունքի:
 
Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի միջոցով՝ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակ, «Ավրորան՝ Արցախին» մարդասիրական ծրագիր, #AraratChallenge շարժում, Aurora Dialogues քննարկումներ, «Ավրորա» դրամաշնորհներ, «Ավրորա» համայնք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ եւ 100 LIVES նախաձեռնություն:
 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը բարերարներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են հազարավոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան` որպես վիրաբույժ, մարդասեր եւ 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, մարդասիրական գործունեության իր փորձառությամբ աշխարհում տարածում է «Ավրորայի»՝ «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձը եւ համախմբում բոլորին համընդհանուր մարդկայնության շուրջ: 
 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում են երեք կազմակերպություններ՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամ (Երեւան, Հայաստան):
 
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի մասին
 
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաքելությունն է ճանաչման արժանացնել եւ աջակցել նրանց, ովքեր վտանգի են ենթարկում սեփական կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որպեսզի փրկեն այն մարդկանց կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որոնք տառապում են հակամարտությունների, մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների կամ մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների հետեւանքով։ «Ավրորա» մրցանակի դափնեկիրն ընտրվում է՝ ըստ ցուցաբերած խիզախության, նվիրումի եւ ունեցած ազդեցության: 
 
Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ, որն էլ բացառիկ հնարավորություն է ընձեռում նրան շարունակելու նվիրատվության շղթան եւ աջակցելու այն կազմակերպություններին, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին: 
 
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, մարդու իրավունքների ակտիվիստ եւ The Sentry նախաձեռնության համահիմնադիր Ջոն Փրենդերգասթը, Unilever ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն եւ IMAGINE կազմակերպության համահիմնադիր նախագահ Փոլ Փոլմանը, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, լրագրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Դելե Օլոջեդեն, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը (1934-2021):  Հանձնաժողովը նախագահում է Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին:
 
Պատվավոր համանախագահներն են խաղաղության եւ մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ Բենջամին Ֆերենցը եւ օսկարակիր դերասան, մարդասեր Ջորջ Քլունին։ Ընտրող հանձնաժողովի պատվավոր անդամներն են Կոստա Ռիկայի նախկին նախագահ եւ Նոբելյան դափնեկիր  Օսկար Արյասը, Մարիինյան թատրոնի գեղարվեստական եւ գլխավոր տնօրեն, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիեւը, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը:
 
Մենք հարգում ենք Ընտրող հանձնաժողովի առաջին համանախագահ, Մարդասիրության «Էլի Վիզել» հիմնադրամի նախագահ, Նոբելյան դափնեկիր Էլի Վիզելի (1928-2016 թթ.) հիշատակը: 
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media