ՀՀ ՄԻՊ-ը Բելգիայի ԱԳՆ-ում բարձրաստիճան ներկայացուցիչներին ներկայացրել է ադրբեջանական զինված ծառայողների հեռացման հրատապությունը և հիմքերը

26-01-2022 11:31:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
Երեկ Բելգիայի ԱԳՆ-ում տեղի են ունեցել իմ քննարկումները բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ներկայացրել եմ ադրբեջանական զինված ծառայողների հեռացման հրատապությունը և հիմքերը:
 
Բելգիայի ԱԳՆ-ի Երկկողմ հարաբերությունների հարցերով գլխավոր տնօրեն Ջերոն Կուրմանի և Արևելյան և Հարավ-Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի հարցերի տնօրեն Լյուկ Լիբաուտի հետ հանդիպմանը մանրամասն հիմնավորել եմ, որ պատերազմից անմիջապես հետո ադրբեջանական զինված ծառայողները միջազգային իրավունքի խախտումով հայտնվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին: Այդ պահից սկսած ամեն օր խախտում են Հայաստանի բնակչության իրավունքները, խաթարել են մարդկանց նորմալ կյանքը:
Անդրադարձել եմ 2021թ. նոյեմբերի Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհների արգելափակմանը:
 
Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողները նշանառության ներքո են պահում ճանապարհը, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները:
 
Նշել եմ, որ խախտումների վերացման իրական լուծում ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից` խաղաղ բնակչության իրավունքների երաշխավորման նպատակով: Սրա հիմքում էլ ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունն է, որը ոչ միայն չի նվազել, այլ խորացել է:
 
Ընդ որում, ասածս վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին:
 
Մարդկանց իրավունքների պաշտպանությունը պահանջում է ապառազմականացված [անվտանգության] գոտի:
 
Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիատացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել մարդկանց նորմալ կյանքը, անվտանգությունը վերականգնելու համար:
 
Զուգահեռ ներկայացրել եմ ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահաջներն ու միջազգային փորձը, որից բխում է այս առաջարկը:
 
Նշել եմ նաև, որ խախտումները բնույթով նույնն են նաև Արցախում, ինչի մասին վկայում են Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները:
 
Փոխանցել եմ նաև հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ իմ զեկույցները՝ նշելով նրանց վերադարձի հրատապությունը և ադրբեջանական իշխանությունների անօրինական արարքները (արհեստական դատավարություններ, մարդկանց պահելը քաղաքական ու ռազմական առևտրի նպատակով և այլն):
 
Քննարկել ենք մարդու իրավունքների այլ հարցեր ևս` խոսքի ազատություն և լրագրողների մասնագիտական աշխատանքի պաշտպանություն, կանանց իրավունքների պաշտպանություն և այլն:
 
Արման Թաթոյան
 
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media