Ֆրանսիայի Մոնտինյի-լը-Բրետոնյո քաղաքում բացվել է Շառլ Ազնավուր արվեստների կենտրոնը

28-03-2022 18:00:05   | Ֆրանսիա  |  Մամլո հաղորդագրություն
Մարտի 26-ին Ֆրանսիայի Մոնտինյի-լը-Բրետոնյո քաղաքում պաշտոնապես բացվեց Շառլ Ազնավուր արվեստների կենտրոնը։ Բացման արարողությանը ներկա էին «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրը, Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս շրջանի և Իվլին դեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ հյուրեր։
 
Ինչպես տեղեկանում ենք «Ազնավուր» հիմնադրամից, կենտրոնի բացումն ազդարարող՝ ժապավենը կտրելու արարողությանը մասնակցեցին Իվլին դեպարտամենտի սենատոր Միշել Լոժիեն, Մոնտինյի-լը-Բրետոնյոյի քաղաքապետ Լորեն Մերկերը, ինչպես նաև Նիկոլա և Քրիստինա Ազնավուրները։
 
Կենտրոնը եզակի տարածք է երիտասարդների համար՝ արտահայտելու իրենց ստեղծագործական միտքը, ձեռք բերելու նոր գիտելիքներ, ավելի մոտ լինելու արվեստին ու մշակույթին, ինչպես նաև պատրաստվելու արվեստի ոլորտում իրենց հետագա մասնագիտացմանն ու կարիերային: Ուսուցման ողջ գործընթացը կազմակերպվելու է 5 հիմնական ուղղությամբ՝ պար, թատրոն, երաժշտություն, փորձեր, ձայնագրություններ, որոնց համադրման շնորհիվ սովորողները ձեռք են բերելու ոլորտային բազմակողմանի գիտելիքներ ու կիրառական հմտություններ։
 
Յուրովի նախագծված և ժամանակակից միջավայր լինելուց զատ, կենտրոնը հագեցած է պրոֆեսիոնալ բարձրակարգ տեխնիկայով, որը ոչ միայն հետաքրքիր, այլև շատ արդյունավետ կդարձնի ուսուցման ողջ ընթացքը։ Կենտրոնն ունի մեծ համերգասրահ, ձայնագրման ընդարձակ ստուդիա, երաժշտական, թատերական և պարային ստուդիաներ, մասնագիտական այլ լսարաններ, ինչպես նաև միջոցառումների բացօթյա սրահ: Այս պահին կենտրոն ընդունված ուսանողների թիվը շուրջ 1800 է, դասավանդող մասնագետների թիվը՝ 40։ 
 
Կենտրոնի ստեղծումը ֆինանսավորվել է Իլ-դը-Ֆրանս շրջանի, Իվլին դեպարտամենտի և Մոնտինյի-լը-Բրետոնյո քաղաքի խորհուրդների կողմից։  Շառլ Ազնավուր արվեստների կենտրոնի ընդհանուր մակերեսը կազմում է 3500 մ², կառույցը նախագծել է ֆրանսիացի ճարտարապետ Դոմինիկ Կուլոնը։
 
Կենտրոնը Շառլ Ազնավուրի անունով կոչելը եղել է ոչ միայն քաղաքային խորհրդի առաջարկը, այլև բնակիչների և այդ կենտրոնի ապագա սաների մեծ ցանկությունը։ Ազնավուր ընտանիքը նախագծին տեղում ծանոթանալու արդյունքում տվել է անվանակոչման մասով իր համաձայնությունը։ 
 
Հաստատումից հետո «Ազնավուր» հիմնադրամը, համագործակցելով Մոնտինյի-լը-Բրետոնյոյի քաղաքապետարանի և սցենոգրաֆիայի ու ինտերիեր դիզայնի ոլորտում հայտնի «Agence NC - Nathalie Crinière» գործակալության  հետ, աշխատել է այս հաստատության ներսում եզակի ինստալյացիաների ստեղծման վրա։ Այս աշխատանքների միջոցով փորձ է արվել ներկայացնել Շառլ Ազնավուրի արվեստի ու անցած ուղու պատմությունը՝ ոգեշնչելու կենտրոն այցելող երիտասարդներին։ Այս նպատակով «Ազնավուր» հիմնադրամը կենտրոնին է փոխանցել նաև Շառլ Ազնավուրի ստացած «Կրկնակի ադամանդե սկավառակը» (Disque double diamant), որն արտիստին էր շնորհվել 2.000.000-ից ավելի վաճառված ալբոմի համար։
 
«Հայրս շատ կհպարտանար և մեծ պատիվ կհամարեր՝ տեսնելով, որ խորհրդանշական այս վայրը իր անունն ու տեսլականն է կրում։ Հուսով ենք՝ նրա «ներկայությունը» կխրախուսի բազմաթիվ երիտասարդների և ոգեշնչման աղբյուր կդառնա նոր սերունդների համար։ Ազնավուր ընտանիքի և «Ազնավուր» հիմնադրամի կողմից իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում այս նախաձեռնությունն իրականություն դարձրած բոլոր կողմերին։ «Ազնավուր» հիմնադրամը, իհարկե, կշարունակի իր համագործակցությունը Արվեստների կենտրոնի հետ՝ համատեղ ծրագրեր իրականացնելով»,- բացման արարողության ժամանակ իր ելույթում նշեց Նիկոլա Ազնավուրը։

 
 

Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media